«ԵԹԵ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՉԵՍ, ԱՊԱ ՃԱՇԱՑԱՆԿՈՒՄ ԵՍ». ՓՈԼ ՄԻՐԹՍ

17.03

2016

SAM 6241 SAM 6262

«Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությամբ մարտի 14-16-ը Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակության անդամներից պրոֆեսոր Փոլ Միրթսը հյուրընկալվել էր մայր բուհում:

Բացելով հանդիպումը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրել է հյուրին, ով մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ոլորտում:

Փ.Միրթսը անտեղյակ չէ ղարաբաղյան կոնֆլիկտից:  Երկար տարիներ զբաղված լինելավ միջազգային հարաբերություններով` հայկական, ադրբեջանական և վրացական  դիվանագիտական շրջանակների հետ աշխատելու առիթներ է ունեցել:

Բելգիացի պրոֆեսորը, ով միաժամանակ դասախոսում է Եվրոպական մի շարք առաջատար բուհերում, հանդես է եկել «Միջազգային բանակցային գործընթացներ» թեմայով դասախոսությամբ:

«Միջազգային բանակցային գործընթացը երկխոսության ձև է, իսկ երկխոսություն հնարավոր է իրականացնել փոխադարձ ըմբռնման պայմաններում, այսինքն` եթե կողմերից առնվազն մեկը նման եզրակացության չի եկել, ոչինչ հնարավոր չէ»,- ասել է պրոֆեսորը:

Ըստ նրա` եթե այս բանաձևով դիտարկելու լինենք ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունը, ապա ակնհայտ է, որ խաղաղ կարգավորման գործընթացը դոփելու է տեղում այն պատճառով, որ ալիևյան վարչակազմը պատրաստ և պատրաստակամ չէ երկխոսության, որն իր հերթին փոխզիջումներ է ենթադրում:

Պրոֆեսորն այն համոզմունքն է հայտնել, թե ԼՂՀ-ն և Ադրբեջանը պետք է ինքնուրույն հասնեն քաղաքական այնպիսի մակարդակի, որ առանց երրորդ կողմի միջամտության կամ ներգործության հանդիպեն սեղանի շուրջ: Այս դեպքում կողմերը կարծես հանդիպում են սեղանի շուրջ և հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարում, սակայն գործընթացում առաջընթաց չի արձանագրվում այն պատճառով, որ հակամարտող կողմերից մեկը` ԼՂՀ-ն սեղանի շուրջ չէ, իսկ «եթե սեղանի շուրջ չէ, ուրեմն` ճաշացանկում է»:

Դասախոսությունից հետո Փ.Միրթսը ներկաներին դիվանագիտական խաղ-խնդիր է առաջադրել, ապա պատասխանել նրանց հարցերին: