ԿԱՆՈՆԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ

21.03

2016

Մարտի 17-ին ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանի մասնակցությամբ գումարվել է ԱրՊՀ գիտխորհրդի հերթական նիստը:

Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ԱրՊՀ ՊՈԱԿ «Ուսման և այլ վարձավճարների գանձման կանոնակարգում» լրացում կատարելուն: Ըստ գործող կարգի` վերահանձնումների սահմանված թվի գերազանցման դեպքում յուրաքանչյուր ստուգարքի և քննության վերահանձնումը կատարվում է վճարովի հիմունքներով` 10 000 ՀՀ դրամ չափով:

Ինչպես պարզաբանել է ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը, ելնելով հանրապետության ներքին իրավիճակից, երկրի նախագահի հանձնարարականով, մարտական հերթապահության մեջ գտնվողները ազատվում են վճարից: Այսինքն` մարտական ծառայության մեջ գտնվող այն զինծառայող-ուսանողները, ովքեր քննաշրջանի և ակադեմիական պարտքերի մարման բոլոր օրերին գտնվել են մարտական հերթապահության մեջ և ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, ազատվում են կարգով նախատեսված վճարումներից:

Նիստի ընթացքում ուսումնական և գիտական գծով պրոռեկտորներն ըստ ուսուցման համակարգերի ամփոփել են 2015-16 ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները:

Գիտխորհուրդը լսել է մանկավարժության և հոգեբանության, փիլիսոփայության և քաղաքագիտության, պատմության ամբիոնների 2014-15 ուսումնական տարվա հաշվետությունները, դրանք ընդունել ի գիտություն:

Օրակարգային  վերջին երկու հարցերը վերաբերում էին ԱրՊՀ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին, դոցենտի կոչում շնորհելու և ՀՀ ԲՈՀ-Ի վավերացմանը ներկայացնելուն:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱրՊՀ դոցենտի թափուր պաշտոնները համալրել են մ.գ.թ., ավագ դասախոս Գայանե Պետրոսյանը, պ.գ.թ., ավագ դասախոս Արևիկ Պետրոսյանը և տ.գ.թ., ավագ դասախոս Իրինա Բաղդասարյանը: ՀՀ ԲՈՀ-ի վավերացմանն են ներկայացվել կ.գ.թ. Սուսաննա Աղասյանի. բ.գ.թ. Շուշանիկ Սաղյանի, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի, ի.գ.թ. Ռիտա Առստամյանի և տ.գ.թ. Իրինա Բաղդասարյանի դոցենտի փաստաթղթերը: