Արցախի պետական համալսարան

SAM 6291 SAM 6304

Մարտի 18-ին ԱրՊՀ պատմության ամբիոնի և ազգագրական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արցախյան ավանդական հարսանեկան ծես:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանականներ, հյուրեր:

Մի քանի արարով բեմադրության մասնակից ուսանողներն արցախյան բարբառով ներկայացրեցին հայկական ավանդական հարսանիքի համապատկերը` ներառյալ նախահարսանեկան և ետհարսանեկան արարողությունները:

Սկսելով «հղե կտրելու», այսինքն` խնամախոսության արարողությունից` մասնակիցները մասնրամասնորեն և արցախյան բարբառին բնորոշ առանձնահատկություններով ներկայացրել են արցախյան հարսանիքի բոլոր արարողակարգերը: Բեմականացումը պարբերաբար ընդհատվում էր հաղորդավարի` ծեսի հետ կապված այս կամ այն խորհրդի ու խորհրդանիշի բացատրմամբ: Այսպես, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անելու ավանդույթը կապվում է յթո աստվածությունների, հարսի շրջապատումը մակառներով (հյուրերով)` հարսին և փեսային շրջապատելը` անցանկալի երևույթներից զերծ պահելու, հարսի զգեստից թել  չպոկելը` չար աչքից պաշտպանելու, տղայի տան շեմին նորապսակներին մեղր հրամցնելը` լիության հետ և այլն:

Ինչպես այսօր, այնպես էլ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայկական ավանդական հարսանեկան ծեսում իր ուրույն տեղն ու դերն ուներ քավորը, ով ամբողջությամբ վերահսկում և պատասխանատվություն է կրում արարողակարգի` հավուր պատշաճի կազմակերպման և անցկացման համար: Ցեղում քավորի փոփոխությունը ամոթ էր. քավորությունը պետք փոխանցվեր սերնդեդերունդ:

Հետաքրքրական է, որ հարսանեկան ծեսի պսակի կարգը ժողովրդական-սովորութային կարգով ամբողջությամբ հասել է մեր օրերը: Սակայն կան նաև ավանդույթներ, որոնք մերժվել և դուրս են մնացել եկեղեցու կողմից` հեթանոսական բնույթի պատճառով:

Միջոցառումը առանձին հետաքրքրություն էր ներկայացնում նաև այն տեսանկյունից, որ ամբողջ տեքստը արցախյան բարբառով էր` համեմված տաղիկ-խաղիկներով, առած-ասացվածքներով, օրհնանքներով և անեծքներով, երգերով: