Արցախի պետական համալսարան

SAM 6339 SAM 6316

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջեցառումների շրջանակներում մարտի 19-ին կայացել է պ.գ.թ., դոցենտ, պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանի «Արցախի հին և միջնադարյան պատմության ու մշակույթի կեղծարարությունը ադրբեջանական պատմագիտության մեջ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ս. Դադայանը, պատմաբաններ, համալսարանականներ, հյուրեր:

Հանդես գալով բացման խոսքով` ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը հեղինակին շնորհավորել է ոչ միայն հաջող աշխատանքի և գրքի լույս ընծայման, այլ նաև հոբելյանի առթիվ. մարտի 8-ին լրացել է Վ. Սաֆարյանի ծննդյան 65-ամյակը:

Արցախի պետական համալսարանի և Արցախի գիտական կենտրոնի գիտական խորհուրդների որոշմամբ, ԼՂՀ ԱԺ աջակցությամբ և  ԼՂՀ կառավարության կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերի շրջանակում հրատարակված աշխատության նպատակը պատմագիտական համապատասխան աղբյուրների համադրմամբ ներկայիս Արցախի աշխարհագրական տարածքի վրա թուրքական էթնոսի բնիկ լինելու և հայերի եկվորության հայեցակարգի հերքումն է:

Հեղինակի  գործընկերներից պ.գ.դ., պրոֆեսոր Վ. Բալայանը, ով միաժամանակ գրքի գիտական խմբագիրն է, ընդգծել է աշխարհաքաղաքական ստեղծված պայմաններում և հատկապես ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացում նման գրքերի անհրաժեշտությունը: «Պատմության ամբիոնը,- ասել է նա,- տևական ժամանակ է, ինչ աշխատանքներ է իրականացնում պատմության կիրառական նշանակության, այսինքն` դիվանագիտական դաշտին սպասարկող գիտական ուսումնասիրություններ կատարելու ուղղությամբ: Այսօր, ի շնորհիվ Վ. Սաֆարյանի, մենք ունենք այդպիսի աշխատություն»:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է հեղինակի` քաղաքական հին թեմաների շուրջ բանավիճելու նոր մոտեցումները` նոր հիմնավորումներով: Օրեսնդրի ղեկավարը գրքին ցուցաբերած պետական աջակցությունը ոչ միայն հիմնավորված, այլ  արդարացված է համարում. «Պաշտոնական Բաքվի գործելաոճի նպատակներն անշուշտ հասկանալի են. հերքելով Հայաստանի պատմությունը և հայերի բնիկ լինելու փաստը՝ իրենք են փորձում հին ժողովրդի համարում ձեռք բերել և հաստատել իրենց բնիկ լինելը: Սա միտված է հոգեբանական լրացուցիչ լիցք հաղորդելու ադրբեջանցիներին՝ արցախյան դեռևս չկարգավորված խնդրի և հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում: Նրանք միաժամանակ ձգտում են միջազգային հանրության աչքին ղարաբաղյան տարածքների նկատմամբ իրենց պահանջատիրական նկրտումը ներկայացնել որպես պատմականորեն արդարացված»

Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ս. Դադայանն իր ելույթում ոչ միայն գնահատել է հեղինակի կատարած աշխատանքն ու գրքի պատմագիտական ուրույն արժեքը, այլ նաև անդրադարձել Սաֆարյան-պատմաբանի առաջին քայլերին գիտության ոլորտում: «Թեման ապրված է, հեղինակն ինքը ապրել է թեման: Դեռևս 60-70-ականներից է Վ. Սաֆարյանը թեմայի վերաբերյալ գիտական հոդված ներկայացրել` իրարանցում առաջացնելով պաշտոնական Բաքվում և որակվելով իբրև ազգայնամոլ»:

Ինչպես ինքը` հեղինակն է խոստովանում, սա այն թեման է, որն ապրել է իր կյանքի վերջին 40 տարիներին` սկսած դիպլոմային աշխատանքից:

«Գիրքը միաժամանակ իմ պատասխանն է ադրբեջանական պատմագիտության կեղծարարներին` իբրև պատմաբանի, գիտնականի և պարզապես արցախցու»,- նշել է Վ. Սաֆարյանը: