ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՐՈՌԵԿՏՈՐԻ ՀԵՏ

22.03

2016

Մարտի 19-ին  ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը հանդիպել է ուսանողական խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Գ. Սահակյանը ներկայացրել է համալսարանի ղեկավարության կողմից մշակված ռազմավարական ծրագրի որոշ դրույթներ, որոնք միտված են ուսումնական գործընթացի արդյունավետությանը: Այս առումով պրոռեկտորն ընդգծել է համալսարանի առջև ծառացած մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են լայնածավալ աշխատանքներ: Նմանատիպ խնդիրների շարքից առանձնացվել է պրոֆեսորադասախոսական կազմի բարելավումը` որակական և քանակական համապատասխանությունը ժամանակակից կրթական համակարգի պահանջներին:

«Համալսարանի կողմից որդեգրված կադրային քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն ակտիվ սերնդափոխություն, այլ առկա կադրերի որակավորում: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվել և շարունակվում են տարվել»,- նշել է պրոռեկտորը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրեդիտային համակարգի, դասախոսությունների վարման և քննությունների անցկացման եղանակներին, թեստային առաջադրանքների որակին, ինքնուրույն աշխատանքներին և այլնին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Գ. Սահակյանը հավաստիացրել է, որ բուհի ղեկավարությունը անում է հնարավորը դասաժամերը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ. դրանք դասալսումներն են, կազմակերպվող դասընթացները, խորհրդատվությունները և այլն: Այսինքն` վերահսկողություն իրականացվում է հնարավոր բոլոր միջոցներով:

Հանդիպման երկրորդ մասում պրոռեկտորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին թեստային առաջադրանքներին, ինքնուրույն աշխատանքներին, փուրձուսուցմանը, դասաժամերի տևողությանը և այլն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է տրամադրվեն թեստային առաջադրանքները, ուսումնական գործընթացի պատասխանատուն պատասխանել է. «Թեստերը չպետք է տրամադրվեն ուսանողներին, դա ռոբոտացնում է: Նրանք ընդամենը պետք է ծանոթ լինեն թեստային առաջադրանքներին, ոչ ավելին»: