Արցախի պետական համալսարան

SAM 6389 SAM 6367

Մարտի 22-ին «Ոչ ֆորմալ կրթության ծրագրի» շրջանակներում ԱրՊՀ-ն հյուրընկալել էր հուշարձանագետ, պատմաբանբանահավաք,  «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանին:

Հանդես գալով «Պատմական Հայաստանի մշակութային ժառանգությունը» թեմայով ակնարկային դասախոսությամբ` Ս. Կարապետյանը անդրադարձել է իր անհատական գործունեությանը և «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» աշխատանքներին, որոնց անհրաժեշտությունն ու հրատապությունը ի հայտ է եկել 1915-20-ական թվականներից հետո:

Ցեղասպանությունից հետո Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին բռնակցված Հայաստանի տարածքներն իրենց համար ապահովելու միտումով այդ երկրների իշխանություններն անցած տասնամյակների ընթացքում հետևողականորեն ոչնչացրել և շարունակում են անհետացնել համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող որբացած հայ մշակույթի բազմահազար հուշարձաններ: Այս հանգամանքը ստիպել է հուշարձանագետին գտնել Հայաստանի ներկայիս սահմաններից դուրս` պատմական Հայաստանի տարածքում գտնվող հայկական ճարտարապետության կոթողները` առաջնահերթությունը տալով Արևմտյան Հայաստանին և Կիլիկիային, ապա և հարևան երկրներին` Վրաստան, Ադրբեջան, Իրան:

Գիտական ուսումնասիրություններն սկսելով 1993թ.` իբրև առանձին անհատ` Ս. Կարապետյանը հասցրել է լինել ոչ միայն պատմական Հայաստանի տարածքում և  հարևան երկրներում, այլ նաև  հայկական մի շարք գաղթօջախներում, ուսումնասիրություններ կատարել պատմական Արցախի տարածքում: Հեղինակել է  «Հյուսիսային Արցախ» ծավալուն գիտական աշխատությունը, որի համար 2004 թվականին ստացել է Եղիշեի անվան գրական մրցանակ և պարգևատրվել Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել է ՀՃՈՒ հիմանդրամի կողմից իրականացված «Գագկաշենի եկեղեցի» եռաչափ մոդելավորմամբ վերակազմավորված տեսանյութ և Արևմտահայաստանի գավառներից մեկում իրականացված աշխատանքների մասին պատմող ֆիլմ: