Արցախի պետական համալսարան

SAM 6495 SAM 6513

Մարտի 24-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ հանդիպում են ունեցել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը` հանդես գալով «Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում» թեմայով դասախոսությամբ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ա. Էլիբեգովան լսարանին ներկայացրել է «Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը, որում հեղինակներն ամփոփել են  ադրբեջանական մամուլի, ադրբեջանցի պաշտոնյաների ելույթների և ստեղծվող գրականության հիման կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները: Չնայած գրքում եզրակացություններ չկան, սակայն, ըստ հեղինակների, իրենց հնգամյա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում ամեն ինչ` մամուլից մինչև դպրոցական դասագրքեր, ողողված է հայատյացությամբ, ինչը հովանավորվում է պետական ամենաբարձր մակարդակով: Գիրքը պատմում է, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում հայերի նկատմամբ և ինչպես է ատելություն սերմանվում երեխաների մեջ:

Ա. Էլիբեգովայի կարծիքով, ամենավտանգավորը դպրոցահասակ երեխաների վրա համապատասխան մեխանիզմերով հոգեբանական ճնշումներ գործադրելն է, որով նրանց հնարավոր բոլոր միջոցներով հայերի հանդեպ ատելություն է ներարկվում: «Նրանք մեծանում են այս մթնոլորտում, և սա պետք էր ցույց տալ միջազգային հանրությանը` դրա կողքին միաժամանակ դնելով հայաստանյան հակաքարոզչությունը»,- ասել է փորձագետը:

Պատմական աղբյուրներն ուսումնասիրելիս հեղինակները հայկականի զեղծարարությունների և կեղծիքների բազմաթիվ ու բազմաբնույթ օրինակների են հանդիպել, որոնք, սակայնհնարավոր չէր տեղավորել գրքի մեջ: Ուստի ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի աջակցությամբ ստեղծվել են Xocali.net և Azerichild.info կայքերը:

Ներկայացնելով կայքերի բովանդակությունը՝ Ա. Էլիբեգովան նշել է, որ Xocali.net կայքում տեղ են գտել հայկական և ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերը, իսկ Azerichild.info-ում ներկայացված է հայատյաց մանկական ուսումնական գրականություն, որտեղ հայերը ներկայացվում են իբրև հրեշներ, «մունդառներ», այսինքն՝ կեղտոտներ, տեռորիստներ:

Հանդիպման վերջում փորձագետները պատասխանել են ներկաների հարցերին և կոչ արել համապատասխան վարքագիծ դրսևորել հակահայկական քարոզչության դեմ: