Արցախի պետական համալսարան

                       SAM 6760

 

Ապրիլի 8-ին ԱրՊՀ-ն մասնակցել է «Նորանկախ հանրապետությունների համալսարանների ասոցիացիայի» կողմից կազմակերպված միջազգային առցանց կոնֆերանսի:

 

Կոնֆերանսին մասնակցում էին ասոցիացիայի անդամ երկրների` Աբխազիայի Հանրապետության, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Հարավօսեթական հանրապետության և Արցախի Հանրապետության պետական համալսարանները: Կոնֆերանսը համակարգվում էր Ստեփան Իորդանի Բերիլի կողմից:

 

Նախքան կոնֆերանսը սկսելը` մասնակիցները ցավակցել և իրենց զորակցությունն են հայտնել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և մարդկային կորուստների կապակցությամբ:

 

«Կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները վաղուց էին սկսվել,- նշել է ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը: Մասնակից համալսարանների հետ կազմակերպչական որոշ հարցեր ճշտելուց հետո սկսել ենք տեխնիկական կարգավորումները և, երբ կողմերը պատրաստ էին, կայացավ կոնֆերանսը:»

 

Նախատեսված էին մասնակից համալսարանների ռեկտորների, պրոռեկտորների և ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարների ելույթներ: Նրանք ներկայացրեցին իրենց բուհերի գործունեությունը, այս կամ այն գծով վարվող քաղաքականությունը, ուսումնական և գիտական ասպարեզներում ունեցած հաջողությունները, միջազգային համագործակցությունը, երիտասարդական հեռանկարային միջոցառումները և այլ ծրագրեր:

 

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը նախքան իր ելույթը նորանկախ հանրապետությունների գործընկերներին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տիրող պատերազմական իրավիճակը, ապա անդրադարձել բուհի պատմությանն ու որդեգրած քաղաքականությանը:

 

Եզրափակելով կոնֆերանսը` մասնակիցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին անցկացնել ևս մեկ առցանց գիտաժողով` նվիրված ժամանակակից պայմաններում նորանկախ հանրապետությունների միջազգային ճանաչման հարցերին և այդ գործընթացի շրջանակներում հայտարարել լավագույն գիտական աշխատանքի մրցույթ:

 

Ապրիլյան դեպքերի վերաբերյալ ասոցիացիայի անդամ բուհերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններն ու կոչ արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ստեղծված իրավիճակին տալ համապատասախան գնահատական: