ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ

18.04

2016

           13007365 160067081056077 5956934896707703733 n

Ապրիլյան քառօրյա պատերազմը տևական ժամանակ քննարկումների և ռազմաքաղաքական վերլուծությունների տեղիք կտա, երկար կխոսվի Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառների մասին: Դիվանագիտական դաշտում ինչպիսի ենթադրություններ և եզրակացություններ էլ արվեն, մի բան հստակ է` այսօրվա հրադադարը պարտադրել է 90-ականների սերունդը` նախորդներից ժառանգած հասատատակամությամբ և նախորդներին չզիջող մարտական ոգով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու հանկարծակի ու բացահայտ նախահարձակ գործողություններին առաջինը  դիմագրավեցին 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին թշնամու բազմահազարանոց խուժանի դեմ` հանուն միասնական գաղափարի. ասկյարին թույլ չտալ պղծել սրբացած հող-հայրենին: Հող-հայրենին, որ վերջին զարգացումների ընթացքում նորից տնքաց ծանր կորուստներից`  գիրկն առնելով իր հերոս-զավակներին:

Հերոսի մահով ընկածների թվում էր ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանող Վլադիմիր Նարինյանը: Վլադիմիրը մարտական գործողությունների առաջին իսկ վայրկյանից արիաբար մարտնչել է հանուն հայրենիքի ազատության և հարազատ ժողովրդի անվտանգության` ապրիլի 5-ին իր անունն անմահացնելով  հաղթանակը կերտող մերօրյա հերոսների շարքում:

Արցախի պետական համալսարանի ողջ անձնակազմը կիսում է կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Նարինյանի և բոլոր նահատակ հերոսների ընտանիքներին:

Վլադիմիր Ստեփանի Նարինյանը ծնվել է 1996թ.-ի փետրվարի 17-ին, ՀՀ Մեծամոր քաղաքում: 1997թ.-ին ընտանիքը տեղափոխվել է  Մարտունի: 2003-2013թթ.-ին սովորել է Մարտունու միջնակարգ դպրոցում` ստանալով միջնակարգ կրթություն: Նույն թվականին ընդունվել է ԱրՊՀ պատմության ֆակուլտետը:
2014թ.-ի հուլիսի 7-ին Վլադիմիրը զորակոչվել էր ՊԲ և ծառայում էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում (կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար):