Արցախի պետական համալսարան

SAM 6785  SAM 6809

Վերջին օրերին, երբ վտանգված էր ոչ միայն երկրի անվտանգությունը, այլ ազգի լինել-չլինելու հարց էր դրված, հայը բռունցքվեց ինչպես սահմանին, այնպես էլ` թիկունքում:

Ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերթական անգամ ապացուցելու, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսնությունը սոսկ գաղափար չէ և որ մենք հարկ եղած դեպքում միմյանց հետ ենք, միմյանց թիկունքում: Այս են ապացուցում մարտական գործողությունների առաջին իսկ օրերից Հայաստանից և Սփյուռքից առաջնագիծ շտապող կամավորական խմբերի հոսքն ու Արցախ հասած պարենային և դրամական օգնությունը:

Օգնում էին բոլորը` մեծից փոքր. ով ինչպես կարող է և ինչով կարող է: Հայրենանվեր այս աշխատանքներից, բնականաբար, անմասն չէր կարող մնալ Արցախի մայր բուհը, որը, ինչպես 90-ականների գոյապայքարի ընթացքում, այնպես էլ այս օրերին ոչ միայն գաղափարապես, այլ նաև ֆիզիկապես էր սատարում առաջանագծում կանգնած զինվորին:

Արցախի սահմանամերձ գյուղերի տեղահանված բնակչությանը, առաջնագծում գտնվող զինվորներին և կամավորականներին հասցեագրված սննդամթերքը, ծխախոտը, հագուստն ու առաջին անհրաժեշտության այլ պարագաների բեռնաթափմանն ու դրանցից ծանրոցներ պատրաստելու գործում, ի թիվս այլ երիտասարդների,  մասնակցեցին նաև ԱրՊՀ ուսանողները: Մի քանի օր շարունակ սեփական նախաձեռնությամբ արպհականները տեսակավորել են պահեստներում կուտակված օգնությունը, ուղարկել համապատասխան վայրեր:

Համալսարանականներն, ի դեպ, անմասն չեն մնացել նաև մարտական գործողությունների առաջին օրերին կազմակերպված ակցիայից, որի շրջանակներում պարենամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ են ուղարկել առաջնագիծ: