Արցախի պետական համալսարան

 IMG 1500

Բոլոնիայի գործընթացի համատեքստում շեշտադրվող ուանողակենտրոն կրթության կարևոր բաղադրամասերից մեկին` դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման ժամանակակից մեթոդներին  էր նվիրված մայիսի 19-ին ԱրՊՀ-ում կազմակերպված սեմինար-խորհրդակցությունը:

Հանդես գալով բացման խոսքով` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է նման նախաձեռնությունների դերը` ընդգծելով դրա անհրաժեշտությունը հատկապես Բոլոնիայի գործընթացի և  կրեդիտային համակարգի համատեքստում: Մ. Մինասյանն իր խոսքում նշել է, որ համալսարանի հիմնական նպատակը մի կողմից հայրենասեր և ազնիվ քաղաքացի դաստիարակելն է, մյուս կողմից` աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստելը: Այս գործում, ըստ նրա, հատկանշելի է դասախոսի դերը, ով իր մասնագիտական պատրաստվածությամբ և հնարքներով  կարող է և պետք է ապագա մասնագետի համար ուղենիշ լինի:

Ռեկտորի կարծիքով` երկու տարվա դասալսումների արդյունքների համեմատությունը ցույց է տվել, որ ընթացիկ ուսումնական տարում առաջընթաց նկատվել է, սակայն առայժմ դժվար է այն բավարար գնահատել: Դա են փաստում ընդունող հանձնաժողովում գրանցված դիմումների հավասար քանակը` ԱրՊՀ և ՀՀ բուհեր:

«Այդ ցուցանիշները վկայում են այն մասին, որ մենք զիջում ենք մեր դիրքերը: Սա  մեծապես պայմանավորված է կրթության որակով: «Մայր բուհ» կոչումը ոչ միայն պատվաբեր է, այլև պարտավորեցնող, ուստի բոլորս համատեղ ուժերով պետք է լծվենք ուսուցման արդյունավետության բարձրացմանը»,- եզրափակել է ռեկտորը:

ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, ներկայացնելով արդյունավետ պարապմունքի կազմակերպման մեթոդոլոգիան, խոսել է նաև նման ձևաչափով քննարկումների անհրաժեշտության և պահանջվածության մասին: Բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրել է ուսուցման ավանդական մեթոդների ակտիվացման, ինչպես նաև համագործակցային ուսուցման հնարքների կիրառման անհրաժեշտության վրա:

Կազմակերպիչների մտահոգությունները հիմնավորելու համար միջոցառման ընթացքում ցուցադրվել են տեսանյութեր, որոնցում տեղ էին գտել թեմայի վերաբերյալ ինչպես սոցիալական ցանցերում սկիզբ առած քննարկումները, այնպես էլ ուսանողների և համալսարանի կրթության որակի ապահովման համապատասխան ստորաբաժանումների կարծիքները, համալսարանում այդ կապակցությամբ ներդրված մեխանիզմները:

Հաջորդիվ ժամանակակից դասախոսության վարման և ուսանողակենտրոն ուսուցման վերաբերյալ ելույթներով հանդես են եկել մանկավավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը և բ.գ.թ., դոցենտ Միրա Յարամիշյանը:

Մ. Յարամիշյանը ուսանողակենտրոն ուսուցման գործնական կիրառության մի քանի օրինակներ է ներկայացրել` ուսանողների անմիջական մասնակցությամբ բեմադրելով «Ուսուցման ինտերակտիվ մեթոդները» թեմայով բանավեճ և գործնական խաղ մեթոդները:

«Ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով գիտագործնական սեմինարը հակասական տրամադրությունների և կարծիքների տեղիք է տվել, որն արտահայտվել է միջոցառման վերջում կազմակերպված ակտիվ քննարկումներով: