Մայիսի 23-ի ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Լարիսա Ալավերդյանը ներկայացրել է փաստահավաք խումբ ստեղծելու և նրա գործունեության նպատակները:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լ. Ալավերդյանը առաջին անգամը չէ ԱրՊՀ-ում: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում ոչ միայն արցախյան գործընկերների, այլև դասախոսական կազմի և ուսանողության հետ, հանդես գալիս դասախոսություններով, վարպետաց դասերով: Հերթական անգամ Լ. Ալավերդյանը ԱրՊՀ-ում է փաստահավաք խմբի աշխատանքներում ուսանողներին ներգրավելու մտադրությամբ:
Պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, լրագրության բաժինների ուսանողների հետ հանդիպման ընթացքում Լ. Ալավերդյանը ներկայացրել է ապրիլյան իրադարձություններից հետո փաստահավաք խումբ ձևավորելու անհրաժեշտությունը, խմբի գործունեության նպատակն ու սկզբունքները, նրա առջև դրված խնդիրները:
«Մենք ի զորու չենք ետ տալու ժամանակը և կասեցնելու այն, ինչ եղավ ապրիլյան օրերին, սակայն կարող ենք կանխել հետագա չարիքները: Ապրիլյան իրադարձությունների կրկնությունից խուսափելու համար անհրաժեշտ է զինել ոչ միայն բանակը, այլ նաև դիվանագիտությունն ու հասարակական միտքը` հատկապես»,- ասել է փորձագետը:
Այս առումով նա ուսանողներին կոչ է արել թոթափել չճանաչված երկրի քաղաքացի լինելու բարդույթը, դադարել հույսը միայն լայն իմաստով ուժի վրա դնելուց և գործնականում քայլեր ձեռնարկել` լումա ներդնելով սեփական ժողովրդի ձայնըմ իջազգային ատյաններ հասցնելու գործում, տվյալ դեպքում` մասնակցելով փաստահավաքման խմբի աշխատանքներին` ադպիսով պաշտպանելով անվտանգ ապրելու յուրաքանչյուրի իրավունքը:
Առաջին հանդիպումը, բանախոսի բնորոշմամբ, ներածական բնույթի էր, քանի որ այն հիմնականում նախնական պայմանավորվածություն ձեռքբերելու նպատակ էր հետապնդում:
Որոշ իրավական ակտերի, ինչպիսիք են Բիշկեքյան արձանագրությունները, Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների կարգը և այլն, ուսումնասիրությունից և յուրացումից հետո կնախանշվեն հետագա անելիքները: