Արցախի պետական համալսարան

123 014  123 031

Մայիսի 27-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է ունեցել ԱրՊՀ իրավագիտության բաժնի մի խումբ ուսանողների հետ:

Արցախի մայր բուհում ողջունելով ԼՂՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին` ռեկտոր Մանուշ Մինասյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել նրան և երկու կառույցների միջև ակտիվ համագործակցության հույս հայտնել:

Ռ. Մելիքյանը նշել է, որ նոր պաշտոնը ստանձնելուց հետո սա իր առաջին ինստիտուցիոնալ հանդիպումն է, ինչը պատահական չէ. «Ինստիտուցիոնալ առաջին հանդիպումը բուհում պայմանավորված է նրանով, որ հենց այստեղ է ծնվում ապագան: Այստեղ եմ ես տեսնում մեր երկրի վաղվա օրը, երեկվա և վաղվա սահմանագիծը»:

ԼՂՀ օմբուդսմենը ներկաների ուշադրությունը հրավիրել է ապրիլյան իրադարձություններին ու դրանց հետևանքներին և մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությանը այս համատեքստում, նշել կառույցի առջև դրված խնդիրներն ու դրանց լուծման հիմնական ուղղությունները:

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև խաղաղ բնակչության շրջանում` Ռ. Մելիքյանը նշել է, որ իրականությունը միջազգային հանրությանը հասու դարձնելու գործում անելիքներ ունի հատկապես մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Այս առումով օմբուդսմենը հիշատակել է իր պաշտոնավարման մի քանի օրերի ընթացքում հրապարակված մի քանի հայտարարություններն ու միջանկյալ զեկույցները` հղված Եվրոպայի հմապատասխան մարմիններին:

Մարդու իրավունքներին պաշտպանի կարծիքով` Ադրբեջանը օգտագործում է բոլոր հարթակներն անխտիր` բարձրացնելու Արցախի կողմից «օկուպացված» տարածքների հարցը` այն դնելով իր պետության առջև ծառացած բոլոր խնդիրների հիմքում:

«Այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում ոչ միայն ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբինգը, այլ նաև առանձին անհատներ: Ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա` ինչով կարող է օգտակար լինել երկրին»,- ասել է Ռ. Մելիքյանը:

Հանդիպման ընթացքում ներկաները հարցեր են առաջադրել, հանդես եկել առաջարկություններով: Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ԱրՊՀ շրջանավարտներով համալրելու հարցը: