Արցախի պետական համալսարան

IMG 1989 IMG 2141

Ամռան առաջին օրը ուրախություն և երանություն է պատճառում ոչ միայն ամառասերներին, այլ նաև հասարակության ամենակրտսեր ներկայացուցիչներին` երեխաներին, որոնց իրավունքների պաշտպանության միջազգային օրով էլ ազդարարվում է ամռան սկիզբը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ հունիսմեկյան միջոցառմանը մասնակցում էին համալսարանի աշխատակիցների երեխաները, այս տարի նրանց միացան նաև ապրիլյան իրադարձությունների հետևանքով տեղահանված և մայրաքաղաքում ապաստանած փոքրիկները:

Երեխաների կողմից սիրված մուլտհերոսների և ծաղրածուների մասնակցությամբ մոտ մեկ ժամ տևած երաժշտական շոու-ծրագրի ընթացքում կազմակերպվել են խաղեր, մրցույթներ, պարեր, որոնց իրենց անմիջական և ակտիվ մասնակցությունն են բերել երեխաները:

Հիշեցնենք, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: 1950-ին առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը: ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի ու առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը: