Արցախի պետական համալսարան

Մայիսի  24-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում 13 մասնագիտության գծով մագիստրոսական թեզ է պաշտպանել առկա համակարգի 192 մագիստրանտ:

Ամփոփելով 2015-2016 ուսումնական տարին` ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը մագիստրոսական թեզերի պաշտպանության ընթացքը բավարար է գնահատում` հաշվի առնելով նաև մասնագիտական առարկայական հանձնաժողովների կարծիքները: Թերություններ, այնուամենայնիվ, նկատվում են. «Նկատված թերացումները հիմնականում կանոնակարգին չհետևելու հետևանքն են. այսինքն` գործընթացը կարգավորող փաստաթղթի որոշ դրույթներ կա'մ շրջանցվել են, կա'մ էլ առհասարակ հաշվի չեն առնվել»:

Ըստ Վ. Ավանեսյանի, լուրջ խնդիրներ կան թեզերի վերաբերյալ կարծիքների և գրախոսությունների հետ կապված: Հաճախ ինքնուրույնության միավորը առավելագույնի է հասնում, գրախոսությունների մեծ մասը նույնացված են կարծիքներին, նշված չեն թերությունները , ինչի բացակայությունն այնքան  էլ իրատեսական չէ: Ծավալների, հղումների, տպագիր և ցանցային ռեսուրսների հարաբերակցությունն է խախտված որոշ դեպքերում, գիտափորձերը, դրանց վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները հազվադեպ են:

Մասնագիտական առարկայական հանձնաժողովների նախագահների կարծիքներն, ընդհանուր առմամբ, դրական են: Միայն թե առաջարկում են ընդհանրական թեմաներին տուրք չտալ, արդիական նշանակության և առավել նեղ թեմաներ առաջարկել: Նախագահների մեծամասնությունը առաջարկում է մագիստրոսական թեզերի գնահատման չափանիշները վերանայել, այսինքն` չգնահատել, այլ թեկնածուական ատենախոսության նմանությամբ շնորհել կամ չշնորհել մագիստրոսի աստիճան:

«Այս ամենով հանդերձ մագիստրոսական աշխատանքները տարեցտարի գիտական լուրջ  մակարդակի են բերվում: Այս են փաստում առաջադիմության ցուցանիշները. 108 գերազանց, 71 լավ և միայն 13 բավարար»,- հավաստիացնում է Վ. Ավանեսյանը:

Հարցին, թե արդյո՞ք ԱրՊՀ մագիստրոսները մրցունակ են, պրոռեկտորը պատասխանեց. «Միանշանակ պատասխան տալ սխալ կլինի, քանի որ ոչ բոլոր մագիտրոսներն են նույն մակարդակի: Բայց փաստել կարող եմ, որ առանձին մասնագիտությունների, մասնավորապես տնտեսագիտության և իրավագիտության գծով, մենք ունենք մասնագիտական լուրջ պատրաստվածություն ունեցող ուսանողներ, որոնց անունները մենք դեռ լսելու ենք»: