Արցախի պետական համալսարան

IMG 2458 IMG 2480

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունիսի 17-ին ԱրՊՀ-ում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ:

Բացելով հանդիպումը` ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը ողջունել է ՀՀ նորանշանակ նախարարին և կարևորել երկու հանրապետությունների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

ՀՀ ԿԳ նախարարը ներկաների ուշադրությանն է ներկայացրել կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիների իր տեսլականը: Այս առումով Լևոն Մկրտչյանը նույնականացրել է ՀՀ և ԱՀ համապատասխան ոլորտի առջև ծառացած խնդիրներն ու հիմնահարցերը` հաշվի առնելով երկուսի` կրթական նույն տարածքում գտնվելը:

Նախարարը ոլորտի ընդգծված թերացումներից համարեց հանրակրթության և մասնագիտական կրթության ոչ հետևողական քաղաքականությունն ու սահուն անցումը կրթական մի օղակից մյուսին: Նշված խնդիրները վերացնելու և մի շարք այլ թերացումներ շտկելու համար, Լ. Մկրտչյանի կարծիքով, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չկա. «Անհրաժեշտ է կրթական համակարգն այնպես ձևաշարժել, որ ընդունելի լինի աշխարհի, մասնավորապես Եվրոպայի կողմից, ինչը ենթադրում է նախևառաջ ծրագրային քաղաքականության վերանայում («Որակ և համապատասխանություն» ծրագիր):  Մյուս կողմից պետք է լուծել որակի վերականգնման և պահպանման խնդիրը, որը առաջնահերթ պայման է»:

Փաստորեն, կրթության ամբողջական շղթան իրական է` հանրակրթություն, մասնագիտական և հետբուհական կրթություն: Այս շղթայի բաղադրիչներն առանձին-առանձին թերանում են միայն անցումային փուլում, երբ մեկից մյուսին (հանրակրթությունից սահուն և բովանդակային անցումը մասնագիտական կրթության, մասնագիտական կրթությունից հետբուհական կրթության) անցնելը սահուն չի իրագործվում:

Խնդրի լուծման համար Լ. Մկրտչյանն առաջարկում է ազգային կրթական համակարգ ստեղծել, որը, կրթական չափորոշիչներց բացի, նաև որակ կապահովի: Այսինքն` կրթական համակարգը կկարգավորվի ազգային կրթակարգի համաձայն:

«Կրթությունը խորապես ազգային է և սպասարկում է տվյալ տեսակի շահերը: Ուստի յուրաքանչյուր ժողովուրդ պետք է որդեգրի իր մտածողությանը հարիր կրթակարգ այնպես, որ վերջինիս արդյունքները ճանաչելի լինեն»,- նշել է նախարարը:

Ըստ նախարարի, կրթության ոլորտի համար պակաս կարևոր չէ կրթության տեսլականը` խնդիրներ լուծելու առաջնահերթություն, բնական գիտությունների պաշտպանություն, օտար լեզուների դերի մեծացում և այլն:

Լ. Մկրտչյանը կարևորել է Արցախի պետական համալսարանի` իբրև Արցախի մայր բուհի դերը հանրապետության զարգացման գործում` խոստանալով հետևողական լինել  երկու հանրապետությունների կրթության նախարարությունների միջև կնքված  համագործակցության համաձայնագրի դրույթների իրագործման առումով:

Հանդիպման երկրորդ մասում ներկաները նախարարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, հանդես եկան առաջարկություններով: Լ. Մկրտչյանն իր հերթին խոստացավ հաճախակի հանդիպումներ կազմակերպել Արցախի կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանց հնրավորինս ընդգրկել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններում: