Արցախի պետական համալսարան

IMG 2650 IMG 2681

Օրերս գրականության և լրագրության ամբիոնը հյուրընկալել էր ԼՂՀ ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ռ. Ավետիսյանին:

Հանդիպման համար առիթ էր հանդիսացել գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությունը. հայոց լեզու և գրականություն բաժնի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները նամակներ էին գրել սահմանապահ զինվորներին` նպատակ ունենալով քաջալերելու և  ոգևորելու նրանց:

Հանդիպման սկզբում Զ. Բալայանը ներկայացրեց նախաձեռնության կարևորությունն ու այդ առումով ընդգծեց ուսանողների պատրաստակամությունը, նրանց դիրքորոշումը լինելու զինվորի կողքին, զինվորի հետ: Նաև նամակների  հերթական խմբաքանակը փոխանցեց:

Ռ. Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց համալսարանականներին հետաքրքիր նախաձեռնության համար և հավաստիացրեց, որ զինվորների ոգևորությանը չափ ու սահման չի լինում, երբ զգում են թիկունքի, հատկապես` աղջիկների աջակցությունը:

«Նամակներ գրեք զինվորին, ջերմ ու տաք նամակներ:
Հայրենի օջախից հեռու ծառայող զինվորը ձեր նամակի ամեն մի տողում կզգա հարազատ շունչ, ուշադրություն և գնահատանք»,- ասել է Ռ. Ավետիսյանը:

Մայորն իր հերթին ուսանողներին փոխանցեց զինվորների պատասխան նամակները, որոնց մի մասն, ի դեպ, անվանական էին:

Ռ. Ավետիսյանը խոսել է նաև ապրիլյան իրադարձություններից, մեր զինվորների, մասնավորոպես  վաշտի հրամանատար, կապիտան Ա. Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Ք. Սլոյանի, Ռ. Աբաջյանի սխրագործություններից, որոնց հետ ծառայել է նույն զորամասում, ճանաչել անձամբ: Նա նաև մանրամասներ պատմեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պայթած պատերազմից, պաշտպանողական և հարձակողական գործողություններից, մեր և հակառակորդի կորուստների հարաբերակցությունից և այլն:

Հանդիպումը եզրափակվել է հարց ու պատասխանով: