Արցախի պետական համալսարան

IMG 2728 IMG 2776

Հունիսի 29-ին ԱրՊՀ մագիստրոսները հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են ստացել ԱՀ ԿԳՍ նախարարից և ԱրՊՀ ռեկտորից:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, շրջանավարտներ, ծնողներ, հյուրեր:

Մինչ դիպլոմներ ստանալը մագիստրոսները նախարարի և ռեկտորի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել բուհի զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ծնողների անունից շնորհավորանքի, շնորհակալանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես է եկել ԱՀ գերագույն դատարանի դատավոր Իրինա Կարապետյանը: Վերջինս նախ շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ կրթելու համար, ապա շնորհավորե և բարի երթ մաղթել մագիստրոսներին` հորդորելով ստացած գիտելիքներն ի սպաս դնել հանուն Արցախի հանրապետության բարգավաճման:

Գերազանցության դիպլոմակիրները պատիվ ունեցան դիպլոմներ ստանալու անձամբ նախարարից և ռեկտորից, ովքեր իրենց խոսքում հերթական անգամ կարևորեցին մրցունակ մասնագետների անհրաժեշտությունը մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներում` առանձնացնելով հատկապես գիտությունը:

Ս. Ասրյանը, շնորհավորանքի խոսքից բացի, հորդորել է նաև ասպիրանտական կրթություն ստանալ` հաշվի առնելով հանրապետությունում առկա ինչպես գիտաշխատողների պահանջարկը, այնպես էլ սերնդափոխության խնդիրը:

Ռեկտոր Մ. Մինասյանը ևս լիահույս է, որ շրջանավարտները վաղ ապագայում համալրելու են ԱրՊՀ դասախոսական կազմը, քանզի համալսարանը նոր և կարող ուժերի կարիք ունի: «Գաղտնիք չէ, որ համալսարանի գրեթե բոլոր ամբիոններում երիտասարդական ներուժի և արհեստավարժ մասնագետների կարիք կա, ինչով և էապես պայմանավորված է աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է ռեկտորը:

Ռեկտորը նաև նշել է, որ համալսարանի նպատակը շարունակում է մնալ ոչ միայն լիարժեք մասնագետ պատրաստելը, այլ նախևառաջ ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելը, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ քաղաքացի դաստիարակելը օրախնդիր է:

Համալսարանի հինգ ֆակուլտետների ձևավորման և զարգացման մասին համառոտ ակնարկից հետո համապատասխան ֆակուլտետի դեկանները դիպլոմներ են հանձնել շրջանավարտներին` մաղթելով արարել խաղաղ երկնքի տակ, առաջ տանել ճշմարիտն ու հաստատակամ մնալ նպատակներում:

«Թո'ղ Արցախի պետական համալսարանի դիպլոմը լինի ոչ թե բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթ, այլ հուսալի ուղեկից մասնագիտական ճանապարհին: Արժանի եղե'ք այն տղաներին, ովքեր իրենց կյանքն են տվել, որպեսզի այսօր մենք կարողանանք ապրել, սովորել և աշխատել մեր հողում»,- ասել է բանասիրական ֆակուլտետի դեկան Էլեոնորա Հայրապետյանը:

Տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը համոզված է, որ կայուն և հիմնարար գիտելիքներով զինված մագիստրոսներ են թողարկում և որ նրանք լավագույնս են դրսևորվելու աշխատաշուկայում` բարձր պահելով Արցախի պետական համալասրանի պատիվը:

Միջոցառումը եզրափակվել է ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի ուժերով կազմակերպված համերգային ծրագրով: