Արցախի պետական համալսարան

IMG 3177 IMG 3365  IMG 5180

                 Ապրելու ապրի՛լ, ինչու՞ նորից դարձար թախծոտ ամիս, անգութ թշնամի՛, ինչու՞ խլեցիր ժպտացող արևը կյանքի...

                Ապրիլյան դեպքերն ու դրա հետևանքները միշտ էլ թախծով ու ծանր վերապրումներով կհիշենք, այդ օրերին ամբողջ հայությունը ոտքի կանգնեց, միասնական ու հավաքական հայի կերպարով  իր օգնությունն ցույց տվեց առաջնագծում կանգնած զինվորին ու նրա ընտանիքին: Հացթուխն իր հացով, մտավորականն իր գրչով, քահանան իր սուրբ աղոթքներով...բոլորի նպատակն ու երազանքը նույնն էր՝ իր հայրենանվեր աշխատանքով ապավեն լինի Հայ Զինվորին:

                Այդ օրերին ԱրՊՀ տղա ուսանողները գրիչները փոխարինեցին զենքով և առանց վարանելու առաջնագիծ մեկնեցին, իսկ աղջիկներն ու տարիքով փոքր տղաները կամավորագրվելով հանրօգուտ աշխատանքներին դրսից բերված օգնությունը պահեստներում ծանրոցների տեսքով փաթեթավորում էինք և ուղարկում դիրքապահներին, նրանց ընտանիքներին և տեղահանված բնակչությանը:

                Սահմանային լարված վիճակը, Աստծո կամքով, մի փոքր մեղմացել  է, իսկ ծանր օրերին ցուցաբերած օգնությունը չի մոռացվել, ԱրՊՀ ղեկավարությունը հանրօգուտ աշխատանքներին աջակցող ուսանողներին խրախուսելու համար հունիսի 25-ին կազմակերպեց ճանաչողական արշավ դեպի Վանք գյուղ, որտեղ հրաշք բարձունքում վեր է խոյանում Գանձասարի վանական համալիրը, այդ սուրբ վայրում ուսանողներին հանձնեցին շնորհակալագրեր ու հնչեցվեց գեղեցիկ ու բարի մաղթանքներ: Այցելեցինք նաև նորաբաց Մատենադարան, որտեղ խնամքով պահվում են մեր պատմության վկաները՝ ձեռագիր մատյանները:

                Մեր հանգիստը կազմակերպելով բնության չքնաղ գրկում համախմբվեցինք սեղանի շուրջ, փորձում էինք կտրվել առօրյա հոգսերից և վայելել բնության գեղեցկությունն ու բոլորի ջերմ ու բարի հայացքները: Մեզ հետ էին ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի աշխատակիցներ Ն. Աբրահամյանը և Կ. Մեժլումյանը: Բոլորի ցանկությունը մեկն է՝ Արցախ աշխարհին խաղաղություն, իսկ Հայ Զինվորին անփորձանք ու բարի ծառայություն:

               

                                                                                                               Անուշ Մինասյան

                                                                                                              Իրավագիտություն 1