Արցախի պետական համալսարան

 

                     IMG 3201

Հուլիսի 26-ին Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկում, որին, հանձնաժողովի անդամներից բացի,  ներկա էին նաև դատական համակարգի ներկայացուցիչներ, հանրապետության բուհերի իրավագիտության, քաղաքագիտության և պատմության մասնագիտության դասախոսներ, մտավորականներ:

Հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է մինչ այս փուլը հանձնաժողովի կատարած աշխատանքը, որից հետո ներկայացրել նշված հայեցակարգի նախագիծը:

Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի նախագծում իշխանությունների տարանջատման, զսպման և հակակշռման սկզբունքների, դատական բնագավառի օրենսդրական կարգավորումների իրականացման գործում նույն համակարգի ներկայացուցիչների մասնակցության հնարավորության, մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների և ազգային մտածելակերպի համադրելիության, ինչպես նաև երկրի կառավարման մոդելների թեմաներով:

Հանդիպման ընթացում մասնագիտական հանձնաժողովը ստացել է նաև մի շարք առաջարկություններ՝ սահմանադրության նախագծի մշակման փուլում համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև առաջարկությունների ու կարծիքների համար համապատասխան հարթակ ձևավորելու վերաբերյալ:

Քննարկումների ավարտին Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հասարակության մասնակցությունը երկրի համար կարևորագույն փաստաթղթի հայեցակարգի նախապատրաստման գործում և հավելել, որ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներին և մշտական փոփոխություններին Արցախը նույնպես պետք է պատրաստ լինի՝  նոր լուծումներ ու համարժեք քայլեր ձեռնարկելով: