Արցախի պետական համալսարան

 

1111111

ԼՂՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրելու մասին: Հասատվեց գալիք ուսումնական տարում Արցախում գործող պետական և մասնավոր բուհերի մասնագիտությունների ցանկը, որից հետևում էր, որ Արցախի պետական համալսարանը 2016-2017 ուսումնական տարում տեխնիկական ուղղվածության մի շարք մասնագիտությունների  գծով ընդունելություն չի կազմակերպելու

Օրերս Արցախի պետական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորների գլխավորած հանձնաժողովները սկսել են հանձնման ընդունման աշխատանքները: Այս կապակցությամբ երկու բուհերի ռեկտորները համատեղ հանդիպում են ունեցել ԱրՊՀ-ից ՇՏՀ տեղափոխվող  պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի հետ, քննարկել երկուստեք հուզող հարցեր:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմին ԱրՊՀ-ում ծավալած գործունեության համար, բարձր գնահատել նրանց ավանդը մայր բուհի կայացման և զարգացման գործում, հույս հայտնել, որ ՇՏՀ ժամանակակից պայմաններն առավել լայն հնարավորություններ կընձեռեն նրանց հետագա գործունեության համար:

ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն իր հերթին լիահույս է, որ ԱրՊՀ գիտուժը նպաստելու է նորաստեղծ  համալսարանի կայացմանն ու զարգացմանը՝ այդպիսով իր ներդրումն ունենալով Արցախում տեխնիկական գիտությունների զարգացման գործում:

«Արցախի պետական համալսարանը, հանդիսանալով հանրապետության մայր բուհ, լուծում է նախևառաջ համամարդկային նշանակության խնդիրներ, այնինչ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր առջև խնդիր է դրել կարճ ժամանակահատվածում լուծել այնպիսի խնդիրներ ինչպիսիք են երկրի պաշտպանունակության ամրապնդումն ու տեխնիկական հագեցվածությունը: Ուստի մենք պետք է ոչ թե մրցակիցներ, այլ համախոհներ լինենք՝ ի նպաստ Արցախի Հանրապետության բարգավաճման»,- նշել է Հովհ. Թոքմաջյանը:

Նշենք, որ Արցախի պետական համալսարանից Շուշիի տեխնոլոգիական համալսարան է տեղափոխվել բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի մասնագիտական խմբերի 209 ուսանող: Շուշիի տեխնոլոգիական համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի նաև նյութատեխնիկական բազա հանդիսացող համապատասխան գույքը: