Արցախի պետական համալսարան

IMG 3320  IMG 3321

Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագրեր ունի ՀՀ և արտասահմանյան երկու տասնյակից ավելի բուհերի հետ: Այս շարքից ակտիվ համագործակցության տեսանկյունից առանձնանում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին ԱրՊՀ-ում էր:

ԱրՊՀ տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ  կայացած հանդիպմանը ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է երկու բուհերի միջև համագործակցությունը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Արցախի պետական համալսարանը ստեղծվել է մանկավարժական ինստիտուտի հենքի վրա և այսօր էլ նրա գլխավոր խնդիրը շարունակում է մնալ տարբեր բնագավառի մանկավարժներ պատրաստելը:

Մ. Մինասյանը երախտագիտություն է հայտնել գործընկեր համալսարանի կողմից ցուցաբերվող աջակցության համար և հույս հայտնել, որ վերջերս թարմացված պայմանագրում նախանշված ուղղություններով համագործակցությունը նպաստելու է ժամանակակից և որակյալ ուսուցմանը: Սա ենթադրում է ինչպես մասնագիտական և մեթոդական օգնություն, այնպես էլ դասախոսների և ուսանողների վերապատրաստում, ուսանողների շարժունակություն և այլն:

ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը ևս հակված է հայկական երկրորդ հանրապետության մայր բուհի հետ կիրառական համագործակցությանը: Այս առումուվ Ռ. Միրզախանյանը նշեց ԱրՊՀ երկու ուսանողների մասնակցությունը «Ամառային դպրոց-2016» միջազգային ճամբարին, ովքեր, ինչպես փաստում են կազմակերպիչները, ոչնչով չէին զիջում ճամբարին մասնակցող արտասահմանյան բուհերը ներկայացնող ուսանողներին:

Հանդիպման ընթացքում երկու բուհերի միջև համագործակցության որոշ ուղղությունների շուրջ հարցերով և առաջարկներով հանդես եկան արպհականները:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը բարձր է գնահատում մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը և առաջարկում չսահմանափակվել միայն ԱրՊՀ դասախոսական կազմի վերապատրաստմամբ, այլև փոխայցելություններ կազմակերպել, որի շրջանակներում ՀՊՄՀ մասնագետները տեղում հանդես կգան դասախոսություններով: Սա վերաբերում է մասնավորապես կիրառական հոգեբանությանը, ներառական կրթությանը, լոգոպեդիային և վերականգնողական թերապիային, հատուկ մանկավարժությանը և այլն:

Հանդիպման վերջում ԱրՊՀ ռեկտորը գործընկեր համալսարանին նվիրեց խորհրդանշական հուշանվեր և Արմեն Սարգսյանի «Արցախի բարբառը» և «Արցախի բանահյուսություն» աշխատությունները:

Հավելենք, որ ՀՊՄՀ պատվիրակության հետ հանդիպում է ունեցել նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցության որոշ հարցեր: