Արցախի պետական համալսարան

 

IMG 3424         IMG 3447

Ամեն ուսումնական տարվա առաջին օրը, որը համընկնում է գրի և դպրության տոնի հետ, Արցախի պետական համալսարանը կազմակերպում է առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողություն, որին հաջորդում է խաղաղության դասը:

Հավատարիմ մնալով ավանդույթին՝ խաղաղության դասը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ դասը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին և կրում էր «ԼՂՀ-ն 25 տարեկան է» խորագիրը:

Նախքան հանդիպումը հյուրերը համալսարանականների ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Շնորհավորելով գրի և դպրության օրվա կապակցությամբ՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը դահլիճում հավաքված առաջին կուրսեցիներին հավաստիացրել է, որ բուհի ողջ անձնակազմը պատրաստ է իր ողջ պոտենցիալը ծառայեցնել հայրենասեր երիտասարդներ դաստիարակելուն և մրցունակ մասնագետներ պատրաստելուն:

«Այսօր գիտելիքն ամենաթանկ կապիտալն է, երկրի և հասարակության զարգացման հիմնական երաշխիքը: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում մեր հանրապետության ապագան պայմանավորված է ուսյալ և նպատակամետ  երիտասարդությամբ, որի սերուցքը կրթվում է դաստիարակվում է Արցախի մայր բուհում: Այս առումով մենք լուրջ առաքելություն ենք ստանձնել և ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում խնդրին»,- նշել է բուհի ղեկավարը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով տասնմեկերորդ սեպտեմբերի մեկն է դիմավորում ԱրՊՀ-ում, շնորհավորելով անկախության հռչակման տոների և նոր ուսումնականի կապակցությամբ, ուսանողներին մաղթել է վճռականություն նախաձեռնություններում և վստահեցրել, որ իրենք ընտրել են աշխարհի լավագույն բուհերից մեկը:

«Գիտակրթական այն օջախը, որի շրջանավարտները կանգնում են պետականության կերտման ակունքներում, այնպիսի ղեկավար պաշտոններ զբաղեցնում, որոնք կենսական նշանակության խնդիրներ են առաջադրում և լուծում, ոչ միայն երկրի, այլև աշխարհի լավագույն հաստատությունն է: Այդպիսին է և ԱրՊՀ-ն»,- ասել է Ա. Ղուլյանը:

Օրենսդրի ղեկավարը պատմական համառոտ ակնարկ է կատարել ԼՂՀ հռչակմանն ու անդրադարձել պատմական նշանակության այնպիսի իրադարձությունների, որոնք հող են նախապատրաստել ԼՂՀ անկախության հռչակման համար: Այս համատեքստում  Ա. Ղուլյանը անդրադարձել է 25-ամյա ճանապարհի ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաև անելիքներին՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլ համակարգերում: Այս մասին խոսելիս նա ընդգծել է այսօրվա երիտասարդի դերը, նրա պատրաստականությունն ու վճռականությունը բազմապատկելու ձեռքբերումներն ու շտկելու բացթողումները:

«Այսօրվա սերունդն ավելի պատրաստ է պաշտպանելու իր երկիրը, իր երկրի ազատությունն ու անկախությունը, քան գուցե մենք 25 տարի առաջ: Այս են վկայում ապրիլյան քառօրյայի դասերը»,- նշել է Ա. Ղուլյանը:

ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը շնորհավորանքի խոսքում հորդորել է հնարավորինս արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները՝ այդպիսով ապահովելով ոչ միայն սեփական, այլ նաև սեփական երկրի ապագան. «Արցախի պետական համալսարանը իր առջև դրված խնդիրը՝ երկրի առաջնահերթություններին ծառայելը, լուծում է լավագույնս: Այստեղ, ի դեմս պրոֆեսորադասախոսական անձնակազմի և նյութատեխնիկական բազայի, ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները որակյալ կրթություն ստանալու և ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետ պատրաստելու համար»:

Հանդիպման վերջում Ա. Ղուլյանը համալսարանի և նախարարության պատասխանատուներին նվիրել է օրերս հրատարակված «Արցախ. Վերածնունդ» ալբոմը՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

Հավելնք, որ սեպտեմբերմեկյան հանդիպմանը ներկա էր նաև «Եվրոպայի ազատ դաշինք»-ի պատվիրակությունը:

555555      4444