Արցախի պետական համալսարան

 

IMG 3366          IMG 3373

Օգոստոսի 31-ին հրավիրված գիտխորհրդի նիստի օրակարգը նվիրված էր 2016-2017 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և կառուցվածքային որոշ փոփոխությունների:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կառուցվածքային փոփոխություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության որոշմամբ քաղաքաշինության ամբիոնը տեղափոխվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան, տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը վերանվանվել է տնտեսագիտության ֆակուլտետի:

 Մեկ այլ փոփոխություն կապված է կերպարվեստի ամբիոնի հետ. այն մանկավարժության և սպորտի ֆակուլտետի կազմից տեղափոխվել է պատմության և իրավագիտության ֆակուլտետ: Նշենք նաև, որ մանկավարժության և սպորտի ֆակուլտետն անբողջովին տեղափոխվել է առանձին մասնաշենք և պարապմունքներն ամբողջ ծավալով իրականացնում է ԱրՊՀ նախկին վարժարանի շենքում:

Փոփոխություններ են կատարվել նաև գիտխորհրդի կազմում՝ կապված որոշ անդամների այլ աշխատանքի տեղափոխվելու, գիտխորհրդի կազմից դուրս գալու վերաբերյալ դիմումի և այլնի հետ: Առաջիկայում, սահմանված կարգի համաձայն, թափուր տեղերը կհամալրվեն:

Արդեն երրորդ տարին է, ինչ ուսումնական տարվա նախաշեմին գիտխորհրդի հաստատմանն է ներկայացվում առկա և հեռակա բաժինների ուսումնական գործունեության օրացույցը, որում տեղ են գտնում տվյալներ ուսումնառության սկզբի և ավարտի, ընթացիկ ստուգումների, քննաշրջանի, լուծարքի, ամփոփիչ ավարտական քննության, ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի պաշտպանության և այլնի կազմակերպման ժամանակացույցի վերաբերյալ: Օրացույցի վերաբերյալ մի քանի դիտարկումներից հետո ուսումնական ու գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորները քննարկել են բակալավրիատի և մագիտրարուրայի առկա և հեռակա ուսուցման պլաններում կատարված փոփոխությունները, թարմացված և ՀՀ առաջատար բուհերի ուսումնական պլաններին համապատասխանեցված տարբերակները ներկայացրել գիտխորհրդի հաստատմանը:

Նիստի ընթացքում ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ներկայացրել է 2016-2017 ուսումնական տարում ուսանողների հետ տարվող աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք բխում են ուսանողամետ և ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքներից: