Արցախի պետական համալսարան

 

chex 1    chex 2

 

Չեխիայի Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակությունը՝ հրապարակախոս, լրագրող և բլոգեր Յանա Խրադիլկովայի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին հյուրընկալվել էր Արցախի պետական համալսարանում:

«Ոչ ֆորմալ կրթության ծրագրի» շրջանակներում ունեցած հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը, Արցախի հետ ունեցած կապերն ու խոսել Արցախին օգտակար լինելու իրենց նպատակների և ծրագրերի մասին:

Յ. Խրադիլկովան, որ վերջին մի քանի տարիներին զբաղվում է ղարաբաղյան հակամարտության լուսաբանմամբ, Արցախի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով է այստեղ: Նա նպատակ ունի Արցախը ներկայացնելու ոչ միայն իբրև հակամարտող երկիր կամ պատերազմական գոտի, այլ այնտեղ ապրող մարդուն՝ այդ ամենի ֆոնի վրա:

 «Լինելով Արցախի սահմանային գոտիներում՝ համոզվեցինք, որ չի կարող պարտվել այն երկիրը, որ ժողովուրդը այսպես կառչել է իր հողին և ամեն օր ավելի խորը արմատներ է ձգում»,- նշել է Խրադիլկովան:

Պատվիրակության անդամները առաջին անգամ չեն Արցախում և ֆիլմ նկարահանելու մտահղացումը ծնվել է մի քանի այցելությունների ընթացքում, անհրաժեշտությունն ընդգծվել՝ ապրիլյան իրադարձություններից հետ:

Նշենք, որ Յ. Խրադիլկովան ֆիլմ նկարահանելու առաջին փորձը ձեռք է բերել Հայաստանում կատարված նկարահանումներց, երբ մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմաշար են պատրաստել: