Արցախի պետական համալսարան

 

erdman1         erdman2

Սեպտեմբերի 27-ին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի է ունեցել առաջին կուրսեցիների ավանդույթ դարձած երդման արարողությունը:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը, ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ  ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանականներ:

Անխախտ պահելով ավանդույթը՝ հյուրերն ու համալսարանականները ԱրՊՀ օրհներգի հնչյունների ներքո նախ ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին, որի տարածքում երդման արարողություն կազմակերպելը ոչ միայն պարտավորեցնող է, այլև խորհրդանշական:

Մայր բուհի ամենասպասված և ամենասիրված միջոցառման պաշտոնական մասը սկսվեց երդմամբ: Էլինա Գասպարյանը առաջին կուրսեցիների անունից երդվեց «վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:

Առաջին կուրսեցիներին շնորհավորելու եկած ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Վ. Բալայանը երդման արարողությունը համարեց անելիքները հերթական անգամ ճշտելու և առաջընթացի տեսլականն ուղենշելու լավագույն միջոցառումներից: Նա շեշտեց բազմակողմանի զարգացած քաղաքացու և մտավոր հարուստ ներուժով մասնագետների պահանջարկը մեր հանրապետությունում՝ հորդորելով ուսումնառության տարիներին ամբարել այնպիսի գիտելիքներ, որոնք կառաջնորդեն նրանց ապագայում:

ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանի՝ ուսանողներին ուղղված մաղթանքը ժամանակակից պահանջներին համապատասխան դառնալն ու այդ ճանապարհին տրված երդմանը հավատարիմ մնալն էր: «Գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին ազնիվ և պահանջկոտ եղեք ինքներդ ձեր հանդեպ՝ գիտակցելով, որ այն, ինչ կստանաք այսօր պիտի ծառայեցնեք մեր երկրին ու պետականությանը»,- հավելել է նախարարը:

Բուհի ղեկավարի խոսքով սա երդում է ոչ միայն լավ ուսանող դառնալու, այլ առաջին հերթին երկրի արժանի քաղաքացի դառնալու, 72 նահատակ ուսանողների արժանի հետնորդը լինելու: Մ. Մինասյանը մաղթեց ապրել և ստեղծագործել խաղաղ պայմաններում, ճանաչված և ժողովրդավարական հիմունքներով զարգացող հանրապետությունում:

Միջոցառումը եզրափակվել է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձերին նվիրված պար-բեմադրությամբ:

Հավելենք, որ ընդունելության քննությունների արդյունքներով ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիները պատիվ ունեցան ուսանողական գրքույկներ ստանալու ԱրՊՀ ռեկտորից և բարձրաստիճան հյուրերից:

.

erd 3      erd 4