Արցախի պետական համալսարան

 

hoq1       hoq2

Արցախի պետական համալսարանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը համատեղ ԱրՊՀ-ում կազմակերպել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունից տուժած անձանց հետ տարվող հոգեբանական վերականգնողական աշխատանքների ուսուցման դասընթացներ:

Դասընթացին մասնակցելու են հրավիրվել ոչ միայն բուհի դասախոսական և ուսանողական կազմը, այլ նաև կրթության ոլորտի համապատասխան ներկայացուցիչներ, սպա-հոգեբաններ, հոգեբանությամբ հետաքրքրվող անհատներ:

Դասընթացի առաջին օրը բանախոսությամբ հանդես է եկել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր Մելս Մկրտումյանը: Պլենար հանդիպման ընթացքում նա անդրադարձել է հոգեբանական վնասվածքներին, այդ երևույթի դրսևորումներին, հայտնաբերման և կանխարգելման միջոցներին ու մեթոդներին, պատասխանել ներկաների հարցերին:

Այնուհետև աշխատանքները շարունակվել են առանձին մասնախմբերում, որտեղ պարապմունքները  կրել են նեղ մասնագիտական և գործնական բնույթ:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել դասախոսություններ լսել կրառական հոգեբանության առաջատար մասնագետներ Արմեն Բեջանյանից և Սոնա Հարությունյանից: ԵՊԲՀ դասախոս, հ.գ.թ. Ս. Հարությունյանը հանդես է եկել «Ցավի հոգեբանություն» թեմայով դասախոսությանբ, իսկ «Ապագա»  հոգեբանական կենտրոնի տնօրեն Ա. Բեջանյանը մասնակիցներին ներկայացրել է թրեյնինգների իրականացման տեխնիկան, որը մեծ հետաքրքրություն և լայն արձագանք է գտել մասնակիցների շրջանում:

Հավաքի մասնակիցները ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանի կողմից ստացել են ակտիվ մասնակցության հավաստագրեր: Պրոռեկտորը հույս է հայտնել, որ հավաքները կրելու են շարունակական բնույթ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ձեռք բերելու պրակտիկ հոգեբանի հմտություններ: Վ. Յարամիշյանը խոսել է նաև մոտ ապագայում ՀՊՄՀ և ԱրՊՀ համատեղ ջանքերով հոգեբանական կենտրոն կամ ծառայություն ստեղծելու ծրագրի մասին, որի ստեղծման բոլոր հիմքերն ու նախադրյալները վաղուց առկա են:

Ուսուցողական հավաքների կազմակերպման ու անցկացման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանն ու մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի վարիչ Ա. Թովմասյանը: