Արցախի պետական համալսարան

 

      22       11

Բուհ-դպրոց կապն ու համագործակցությունը մշտապես գտնվել են Արցախի պետական համալսարանի համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Վերջերս նույնիսկ այդ համագործակցությունը համակարգող փաստաթուղթ և ծրագիր էր մշակվել և հաստատվել գիտական խորհրդի նիստերից մեկում:

 

Այս շրջանակներում հոկտեմբերի 4-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հայտարարել էր բաց դռների օր՝ հնարավորություն ընձեռնելով ավագ դպրոցի աշակերտներին ծանոթանալ և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ տեղում՝ պատկան մարմիններից:

Նախքան համալսարանում և մասնավորապես՝ տնտեսագիտության ֆակուլտետում շրջայց կատարելը` աշակերտներն իրենց ուղեկցող ուսուցիչների հետ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև նրանք հնարավորություն ունեցան հուշակոթողի հեղինակ-նախագծողից՝ Լավրենտ Ղալայանից տեղեկություններ լսելու կոթողի ստեղծման նախապատմության ու կառուցման ընթացքի մասին:

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը տարածքում աշակերտներին ներկայացրել է մայր բուհի անցած ուղին, ձեռքբերումներն ու մարտահրավերները, կառուցվածքն ու ղեկավարման ձևը:

Տնտեսագիտության ֆակուլտետում աշակերտները հանդիպում են ունեցել ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանի և ամբիոնի վարիչների, համալսարանական և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների հետ, ծանոթացել ֆակուլտետի հնարավորություններին, նյութատեխնիկական բազային, դիտել տնտեսագիտության ֆակուլտետի անցած 25-ամյա ուղու մասին պատմող ֆիլմ: