Արցախի պետական համալսարան

 

IMG 4792   IMG 4864

 Հոկտեմբերի 5-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է ՈւԳԸ նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա ուսանողական միջազգային կոնֆերանսը` նվիրված ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին:

 

 Նախքան գիտաժողովի մեկնարկը` մասնակից պատվիրակությունները բարձրաստիճան հյուրերի և ԱրՊՀ ղեկավարության գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել` ծաղիկներ խոնարհելով ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 Գիտաժողովի մասնակիցներին, ովքեր ներկայացնում են  ԼՂՀ և ՀՀ գրեթե բոլոր  բարձրագույն ուսումնական հաստատությունները, ողջունել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

 ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը բացման խոսքում կարևորել է ուսանողական կոնֆերանսի կազմակերպումը Արցախի մայր բուհում՝ համոզմունք հայտնելով, որ նման ձևաչափով քննարկումները լավագույն հնարավորություններից են մեկ անգամ ևս արժևորելու ԼՂՀ քաղաքական ակնառու հաջողությունները, քննարկելու և վերլուծելու թերացումներն ու դրանք դիտարկելու տարբեր կտրվածքներում:

 «Լինելով միասնական հայկական կրթական տարածքի անբաժանելի մաս՝ ԱրՊՀ-ն մշատապես եղել է համազգային խնդիրներ շոշափող գիտակրթական խոշոր կենտրոն, ինչի ապացույցը այսօրվա գիտաժողովն է: Սա հարյուրավոր երիտասարդների միավորելու, նրանց գաղափարներն ու նախաձեռնությունները մեր երկրի քաղաքական կարգավիճակի կայունացմանը ի սպաս դնելուևս ևս մեկ առիթ է»,- ասել է ԱԺ նախագահը:

 ԼՂՀ ԿԳՍ փոխնախարար Ա. Սարգսյանը պատահական չի համարում այն, որ ԼՂՀ խոշորամասշտաբ իրադարձությունների զգալի մասը նախաձեռնվում, մշակվում և կյանքի է կոչվում Արցախի մայր բուհում: ԱրՊՀ-ն կանգնած էր նաև ազգային-ազատագրական պայքարի ակունքներում

 «Դուք երջանիկ սերունդ եք առաջին հերթին այն առումով, որ հնարավորություն ունեք մայրենի լեզվով բարձրաձայնելու մեր  երկրի ձեռքբերումներն ու բացթողումները, այնինչ մենք երեք տասնամյակ առաջ զրկված էինք նման հնարավորությունից»,- նշել է Ա. Սարգսյանը:

 ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալական խոսք է հղել գործակից բուհերին՝ գիտաժողովի հրավերի ընդունման և մասնակցության համար, ապա ընդգծել ուսանողական գիտաժողովների կարևորությունը՝ դրանք որակելով իբրև փորձագիտական յուրահատուկ հարթակ: «Ցանկացած կրթօջախի համար գիտական մակարդակով ուսանողական շփումները կարևոր են ոչ միայն գիտական վերլուծությունների և գիտական մտքի զարգացման, այլև առաջին հերթին գեղեցիկ առիթ են նոր ծանոթություններ հաստատելու և հաճելի ու օգտակար ժամանակ անցկացնելու առումով»,- նշել է ռեկտորը:

 ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ Արամ Թադևոսյանը ներկաներին հավաստիացրեց, որ մասնակիցները ոչ միայն մասնակցության հավաստագրեր են ստանալու, այլ նրանց կողմից ներկայացված գիտական աշխատանքները տպագրվելու են առանձին ժողովածուով, իսկ լավագույն աշխատանքներ ներկայացրած ուսանողները պարգևատրվելու են Ա. Սարգսյանի հեղինակած «Արցախի բանահյուսությունը» արժեքավոր աշխատությամբ:

 Ուսանողական միջազգային գիտական կոնֆերանսի լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Մ. Անտոնյանը և ԱրՊՀ ուսանող Ռ. Թադևոսյանը՝ համապատասխանաբար «Международно-правовой статус Нагорно-Карабахской Республики» և  «Երիտասարդության գործազրկության հիմնախնդիրները ԼՂՀ-ում և դրա հաղթահարման ուղիները» թեմաներով:

 Լիագումար նիստից հետո կոնֆերանսի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում:

IMG 4837    IMG 4873