Հուլիսի 12-ից 19-ը ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է «Ուսանողական ռազմական բանակում-2016» ծրագիրը, որին մասնակցում էին ուսանողներ նաև Արցախից, մասնավորապես՝ Արցախի պետական համալսարանից:
Բանակումի մասնակիցներս ապրում էինք զինվորական վրաններում, քնում զինվորական մահճակալների վրա, իսկ մեր առօրյան հարուստ էր մարզական, մշակութային և ինտելեկտուալ տարաբնույթ միջոցառումներով:
Առաջին օրը այցելեցինք Հադրութի շրջանի զորամասերից մեկը, որտեղ մեզ սպասում էին զորամասի զինծառայողները: Ծանոթացանք սպայական կազմի հետ, որից հետո ուխտագնացության մեկնեցինք դեպի Ամարասի վանական համալիր: Հնարավորություն ունեցանք տեսնելու 2033 տարեկան Տնջրի ծառը: Երրորդ օրը ուխտագնացության մեկնեցինք դեպի Դիզափայտի գագաթին տեղակայված Սուրբ Կատարո վանք: Ճանապարհը բավականին դժվար էր ու երկար, բայց հաղթահարեցինք այն և հասանք վանք: Շատ տպավորված էինք: Հաջորդ օրը զորամասում անցկացվեց կրակային պատրաստության գործնական պարապմունք` բանակումի մասնակից ջոկատների միջև:
«Ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը մեզ տվեց նոր գիտելիքներ ու ծանոթություններ: Ականատես եղանք զինվորի առօրյային և մեզ զգացինք մեր հայրենիքի լիարժեք պաշտպաններ:
Շնորհակալությունս եմ հայտնում կազմակերպիչներին` ԵՊՀ-ին և ԱրՊՀ-ին` շատ կարևոր և օգտակար այդ միջոցառմանը մեզ մասնակցության հնարավորություն ընձեռնելու համար:
Մերի Ղալայան
Մ/Մ 3