Արցախի պետական համալսարան

 

2016թ. օգոստոսի 6-ին Հանքավանում մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հնգօրյա հավաքը:

Հավաքին մասնակցում էր ավելի քան 210 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո բաժանել է երեք ճակատների՝ անվանելով նրանց հայ ռազմական-քաղաքական գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անուններով։ ՀՀ դրոշի կարմիրին, կապույտին և նարնջագույնին համապատասխանում էին «Մոնթեների», «Նժդեհների» և «Վազգենների» ճակատները:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցներին ողջունել և բարեմաղթանքներ է հղել ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը. «Բնության այս գողտրիկ անկյունում այսօր մեկնարկում է ՀԱՊՀ-ի միջոցառումների այն շարքը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին։ Միջոցառման մեկնարկը խորհրդանշական է և այսօրվա իրողություններին խիստ համահունչ։ «Միասնության ուժը» հավաքի նախաձեռնությունը պատկանում է ուսանողական խորհրդին։ Մտահղացումը ծնվել է ՈւԽ-ում և կազմակերպական անհրաժեշտ ֆինանսավորում ստացել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի կողմից»,-ասել է ռեկտորը:

Հավաքի հինգ օրերի ընթացքում մասնակիցները մրցել են 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։

Էրիկ Լալայան

Իրավագիտություն-2