Արցախի պետական համալսարան

4

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին հերթական անգամ մասնակցում էր ԱրՊՀ թիմը, որի կազմում էի նաև ես:

Շատ էի լսել ու կարդացել այդ հավաքի մասին և մասնակցելու ցանկությունս մեծ էր: Քանի որ ձայնային տվյալներ ունեմ, որոշեցի ուժերս փորձել ու մասնակցել մրցույթին: Հուրախություն ինձ՝ հաջողվեց հաղթահարել նախընտրական փուլը, և ես հայտնվեցի ԱրՊՀ թիմի կազմում:

«Բազե-2016» երիտասարդական հավաք. նոր ծանոթություններ, նոր ընկերներ, նոր շրջապատ, նոր հարաբերություններ, նոր տպավորություններ, նոր զգացողություններ:

«Բազե» ռազմահայրենասիրական, մարզական և մշակութային հավաքը մասնագիտական մրցատեղի էր դարձել: Յոթօրյա հավաքի ընթացքում բազեականներն իրենց ուժերը չափեցին մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում՝ լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն։ Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվել են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվել են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր: Ընդգրկված լինելով նարնջագույն ճակատում՝ մենք երեք մարզաձևերում գրավել ենք առաջին տեղ և համապատասխան մեդալներ բերել մեր թիմին:

Այսպիսի հավաքները հնարավորություն են տալիս բացահայտելու ոչ միայն ինքդ քեզ, այլև՝ ընկերոջդ, ինչպես նաև՝ կոտրել կարծրատիպեր, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություն և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն:

Եվգենյա Համբարձումյան

Ֆինանսներ 3