Արցախի պետական համալսարան

 

6     7

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակներում հնարավորություն է ստեղծում ԱրՊՀ թվով 20 ուսանողի հանգիստը կազմակերպել Դիլիջան քաղաքում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում:

Մարզաառողջարանում մասնակցել ենք կրթագիտական ու մարզամշակութային տարաբնույթ մրցումների, հանդիպել ՀՀ ղեկավարության հետ, մասնակից դարձել անմոռանալի հանգստի ու հետաքրքիր ժամանցի:

Երկշաբաթյա հանգստից ուսանողներս վերադարձել ենք աննկարագրելի տպավորություններով և հաջորդ տարի կրկին մասնակցելու ակնկալիքով:

Նինա Բալայան

Տնտ. տես. 4

Այն, որ ճամբարները, հավաքներն ու բանակումները նոր ծանոթությունների և ընկերների ձեռքբերման լավագույն հնարավորություններից են, վաղուց եմ լսել, սակայն այս ամառ հնարավորություն ունեցա նաև համոզվելու:

Այս տարի ԱրՊՀ-ն 20 ուսանողի հնարավորություն ընձեռեց ամառային հանգիստն անցկացնելու ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում: Ճամբարային կյանքը չափազանց հետաքրքիր էր, իսկ եթե դրան հավելենք նաև կազմակերպվածությունը, հաճելի և հյուրընկալ մթնոլորտն ու համեղ սնունդը, պիտի ասել, որ ամեն ինչ անթերի էր: Սա, սակայն, ամբողջը չէ:

Քանի որ մենք բնակվում էինք կողք կողքի տեղակայված կացարաններում, բնականաբար, լավ հարաբերությունների մեջ էինք հարևանների հետ: Հարևան կացարանում հանգստանում էին տնտեսագիտական համալսարանի մի խումբ տղաներ, որոնց հետ չափազանց մտերմիկ հարաբերություններ ունեինք: Այն աստիճան էինք մտերմացել, որ որոշեցինք ճամբարին հաջորդող օրերին հանդիպել Երևանում և ևս մի քանի օր վայելել միմյանց ընկերակցությունը: Այդպես էլ եղավ:

Ճամբարային առօրյան ու դրան հաջորդած երևանյան մեր խենթությունները մեր կյանքի լավագույն օրերից էին: Հուսով ենք համալասարանը ամեն տարի նման հնարավորություններ կստեղծի՝ ընդգրկելով ավելի շատ թվով ուսանողների:

Մարիամ Սահակյան

Անգլ. լ./գրակ. 2