Արցախի պետական համալսարան

14642083 674440856049702 6882922077758382562 n    14657357 674441199383001 1345029096146093937 n

Արցախի պետական համալսարանում այսօր մեկնարկեց Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցություն են ունեցել երկու տասնյակից ավել բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, պաշտոնատար անձինք: Նախքան գիտաժողովի լիագումար նիստը մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում նահատակված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետեւ ներկա գտնվեցին ՀՀ եւ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված գրքերի ցուցահանդեսին, որը բացվել էր ԱրՊՀ նախասրահում :

Լիագումար նիստին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, շնորհավորեց ՀՀ եւ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ: Կարեւորելով գիտաժողովի նշանակությունը` ԱրՊՀ ռեկտորն իր խոսքում նշեց. «Արցախի ժողովուրդը շուրջ 25 տարի առաջ հռչակեց իր անկախությունը եւ ձեռնամուխ եղավ ազատ, ժողովրդավարական հիմունքների վրա խարսխված պետականության կերտման դժվարին գործին: Արցախի ժողովուրդը, իհարկե շնորհիվ նաեւ ողջ հայության, կարողացել է մեծ պատվով կատարել իր առջեւ դրված խնդիրները, եւ այսօր մենք ունենք ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն: Եվ եթե փորձենք պատմական էքսկուրս կատարել մեր 25-ամյա ճանապարհին, ապա կտեսնենք, որ մենք մեր տնտեսությունը վերականգնել եւ զարգացրել ենք բավականին դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում: Մի կողմից Ադրբեջանի` երբեմն գործողությունների վերածվող ռազմական ագրեսիայի վտանգը, մյուս կողմից միջազգային հանրության անտարբերությունը: Այսօր հպարտությամբ ենք ասում, որ ունենք ազատ ու անկախ, զարգացող ժողովրդավարական հայկական պետություն, ուր շատ ուրախ են աշխարհի ցանկացած կետում ապրող հայի հայրենադարձության համար»:
Արցախի իշխանությունների անունից գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը.«Արցախի Հանրապետություն հռչակելը ինքնանպատակ չի եղել: Մեզ բախտ է վիճակվել մի քանի, գուցե տասնյակ, հարյուրավոր սերունդների երազանքը իրականացնել այստեղ` վերականգնելով, վերստեղծելով հայկական պետականությունը: Սա շատ լուրջ առաքելություն է, որը դեռ չի ավարտվել եւ շարունակվում է »,-նշեց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ նման գիտաժողովները պետք է օգտագործել որպես հարթակ` վեր հանելու մեր անցած ճանապարհի թերացումները եւ ավելի օբյեկտիվ ու օպտիմալ լուծումներ գտնելու խնդիրների համար:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ու արդյունավետ աշխատանք մաղթեց նաեւ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան պ. գ. դ. Համլետ Պետրոսյանը (ԵՊՀ), 
ՀՌՀ Քաղաքականության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, հ. գ. թ. Վ. Յարամիշյանը / ԱրՊՀ/: Այնուհետեւ գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում:

14731324 674441202716334 5828929401143340710 n   14708205 674440859383035 5157101022373004426 n