Արցախի պետական համալսարան

 

IMG 6679    IMG 6671

Նոյեմբերի 1-ին ԱրՊՀ մեծ դահլիճում կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպում են ունեցել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

Նախքան հանդիպումը՝ հյուրերը ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանի և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ողջունելով հայաստանյան գործընկերների աշխատանքային պարբերական այցերը Արցախի Հանրապետություն՝ ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ու հայաստանյան փորձի տեղայնացմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նախորդ հանդիպումից առ այսօր կրթության համակարգում իրականացված փոփոխություններն ու ազգային կրթահամակարգի գաղափարի ձևավորման նշանակությունը:

«Լինելով փոքր ժողովուրդ՝ մենք կարողացել ենք ստեղծել արժեքներ, որոնք հայի տեսակը  շարունակելու իրավունք են տալիս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ազգային կրթակարգի նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է:

Նախարարի խոսքով՝ գոյություն չունեն միջազգային կրթական համակարգեր, այլ միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր և ազգային դպրոց, որի գերխնդիրը միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ ստեղծելն է. «Մենք պետք է ունենանք ազգային կրթակարգ, որտեղ պետության առջև ծառացած խնդիրներից պետք է բխեցվեն չափորոշիչները»: 

Լ. Մկրտչյանը հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել բնագիտական առարկաների նահանջի վերաբերյալ: Նախարարը կարծում է, որ հասարակության կողմից վերաբերմունքի  կտրուկ փոփոխություն պետք է լինի այս առարկաների նկատմամբ, իսկ պետությունը պիտի կարողանա համապատասխան միջավայր ստեղծել: Այս կապակցությամբ նախարարն առաջ է քաշում ցանցային համալսարանների գաղափարը:

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա ոլորտի պատասխանատուի համար ընդունելի չէ աստիճանաշնորհման ներկայիս համակարգը. «Գիտության թեկնածուներին պետք է հավասարեցնել մասնագիտության դոկտորներին, իսկ գիտության դոկտորի կոչում շնորհել՝ հաշվի առնելով ներդրումը գիտության այս կամ այն ոլորտում»:

ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է ավագ դպրոցի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգը, համաձայն որի  ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, ուսումնական հաստատության 12-րդ դասարանի աշակերտները պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված առարկաների ցանկը՝ ներառելով  միասնական քննական առարկաները:

Խորհրդակցության ընթացքում մանկավարժները հանդես են եկել վերոնշյալ ընթացակարգի և հանրակրթությանն առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերով և առաջարկություններով: