Նոյեմբերի 1-ին ԱրՊՀ մեծ դահլիճում կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպում են ունեցել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
Նախքան հանդիպումը՝ հյուրերը ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանի և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ողջունելով հայաստանյան գործընկերների աշխատանքային պարբերական այցերը Արցախի Հանրապետություն՝ ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ու հայաստանյան փորձի տեղայնացմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նախորդ հանդիպումից առ այսօր կրթության համակարգում իրականացված փոփոխություններն ու ազգային կրթահամակարգի գաղափարի ձևավորման նշանակությունը:
«Լինելով փոքր ժողովուրդ՝ մենք կարողացել ենք ստեղծել արժեքներ, որոնք հայի տեսակը շարունակելու իրավունք են տալիս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ազգային կրթակարգի նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է:
Նախարարի խոսքով՝ գոյություն չունեն միջազգային կրթական համակարգեր, այլ միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր և ազգային դպրոց, որի գերխնդիրը միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ ստեղծելն է. «Մենք պետք է ունենանք ազգային կրթակարգ, որտեղ պետության առջև ծառացած խնդիրներից պետք է բխեցվեն չափորոշիչները»:
Լ. Մկրտչյանը հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել բնագիտական առարկաների նահանջի վերաբերյալ: Նախարարը կարծում է, որ հասարակության կողմից վերաբերմունքի կտրուկ փոփոխություն պետք է լինի այս առարկաների նկատմամբ, իսկ պետությունը պիտի կարողանա համապատասխան միջավայր ստեղծել: Այս կապակցությամբ նախարարն առաջ է քաշում ցանցային համալսարանների գաղափարը:
Ինչ վերաբերում է գիտությանը, ապա ոլորտի պատասխանատուի համար ընդունելի չէ աստիճանաշնորհման ներկայիս համակարգը. «Գիտության թեկնածուներին պետք է հավասարեցնել մասնագիտության դոկտորներին, իսկ գիտության դոկտորի կոչում շնորհել՝ հաշվի առնելով ներդրումը գիտության այս կամ այն ոլորտում»:
ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է ավագ դպրոցի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգը, համաձայն որի ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, ուսումնական հաստատության 12-րդ դասարանի աշակերտները պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված առարկաների ցանկը՝ ներառելով միասնական քննական առարկաները:
Խորհրդակցության ընթացքում մանկավարժները հանդես են եկել վերոնշյալ ընթացակարգի և հանրակրթությանն առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերով և առաջարկություններով: