ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՎԿԻԱՆՈՍԱԳԵՏ ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

04.11

2016

 

IMG 0043    IMG 0090

Նոյեմբերի 4-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր օվկիանոսագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակակիր, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր Արտեմ Սարգսյանը:

Ներկայացնելով մեր հայրենակցին՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունել է նրան հարազատ երկրի մայր բուհում և բարձր գնահատել նրա ավանդը գիտության բնագավառում: Պրոռեկտորը հույս է հայտնել, որ օվկիանոսագետի հետ հանդիպումը երիտասարդների համար խթան կհանդիսանա՝ ուղղորդվելու դեպի գիտության օվկիանոսը:

Ա. Սարգսյանը ծնվել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Բաքվի պետական համալսարանում, ապա ուսումը շարունակել ՌԴ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում, որտեղից էլ սկսել է գիտական գործունեությունը:

Անվանի գիտնականի աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի   ջերմաստիճանի, հոսանքների և կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը, ծովային հոսանքների տեսությանն ու հաշվարկներին: Աշխատանքներ ունի նաև Սևանա լճի  մակարդակի բարձրացման եղանակների մասին:

Անդրադառնալով իր արմատներին՝ ակադեմիկոսը նշում է, որ ամենուրեք հպարտությամբ է խոսում իր՝  հայ լինելու մասին և հաջողության գաղտնիքը տեսնում է ղարաբաղցուն բնորոշ աշխատասիրության մեջ. «Այն ամենը, ինչին ես հասել եմ, աշխատասիրության հետևանք է, որը ժառանգել եմ հայի ազգային գենոֆոնդից»:

Հայրենիքում հաճախ չի լինում Ա. Սարգսյանը, սակայն խոստովանում է. «Պարբերական այցելությունները հայրենի գյուղ և հայրենի դպրոց լիցքավորում են  ու ներշնչանքի աղբյուր դառնում: Արցախում նոր լիցքեր եւ եռանդ  եմ ստանում»:

Չնայած պատկառելի տարիքին՝ գիտնականը շարունակում է կապված մնալ իր ծննդավայրի  դպրոցին և հավաստիացնում, որ «առանց դպրոցի հայրենիքի համ չկա»:

 

 IMG 0073    IMG 0074