Արցախի պետական համալսարան

 

   artur111111  artur2222222

 

Նոյեմբերի 7-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր, տ. գ. դ. Հրանտ Բագրատյանը:

 

Բացելով հանդիպումը՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրել է բանախոսի գիտական հետաքրքրության շրջանակները և առաջարկել Արցախ կատարած այցելությունների ընթացքում ԱրՊՀ-ում հանդես գալ դասախոսություններով:

 

Հ. Բագրատյանը հանդես է եկել երրորդ տնտեսագիտության՝ մեգատնտեսագիտության վերաբերյալ դասախոսությամբ՝ նշելով, որ ինքը հանդիսանում է այդ գիտության տեսության հիմնադիրը, ինչն էլ համարում է իր գիտական ամենամեծ նվաճումը:

 

Բանախոսը ապացուցել է, որ միկրոէկոնոմիկայից և մակրոէկոնոմիկայից բացի կա նաև մեգաէկոնոմիկա, որտեղ փոխվում են պետության նպատակները. «Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերն ու հարկային դրույքները և տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը։ Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան»:

 

Մեգատնտեսագիտության համատեքստում տնտեսագետը ներկայացրել է նաև ՀՀ և ԼՂՀ  տնտեսության առջև ծառացած խնդիրները՝ առաջ քաշելով ազգային տնտեսության գաղափարը: Նրա համոզմամբ, ի համեմատ 90-ականների, ՀՀ տնտեսության մի քանի  ոլորտներ ընդգծված աճ են արձանագրել: Այսպես, օրինակ, կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը հասել է այն մակարդակի, որ բավարարում է  ներքին սպառման պահանջները, հաճախ՝ նաև արտահանվում: Մինչդեռ 1-1.5 տասնամյակ առաջ ներկրվում էին նույնիսկ բանջարեղենի որոշ տեսակներ:

 

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսին և որոշ վիճահարույցղ հարցերի շուրջ քննարկում ծավալելու: