Նոյեմբերի 10-ին ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ԱրՊՀ-ում կազմակերպել էր սահմանադրության նախագծի հանրային առաջին քննարկումը:
Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ դասախոսական և ուսանողական կազմին քննարկման հրավերն ընդունելու համար՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ Սահմանադրության նախագծի հանրային առաջին քննարկումը երկրի մայր բուհում կազմակերպելը պատահական չէ:
«Բարեփոխումների գործընթացի կարևոր այս հատվածում, երբ հանրությանն է ներկայացվում նախագծի աշխատանքային տարբերակը, կարևոր ենք համարում ԱրՊՀ տեսակետը և այդ կապակցությամբ մեծ սպասելիքներ ունենք»,- նշել է Ա. Ղուլյանը:
Նախքան Սահմանադրության նախագծին անցնելը՝ Ա. Ղուլյանը տեղին համարեց նշել, որ մեր երկրում Սահմանադրական բարեփոխումներ սկսելու նախաձեռնությունը պատկանում է հանրապետության քաղաքական ուժերին. «Համակարգային փոփոխությունների պահանջը՝ երկրում առկա խնդիրները ինստիտուցիոնալ ձևով լուծելու այս ցանկությունը, բերել է հենց այսպիսի առաջադրանքի ձևավորման՝ նոր հարց առաջադրելով մեր քաղաքական օրակարգում»:
Ներկայացնելով Սահմանադրության նախագծի կառուցվածքային փոփոխությունները՝ օրենսդրի ղեկավարը կանգ է առել առանձին գլուխներում ներկայացված նորամուծությունների վրա: Այսպես, Ա. Ղուլյանը, անդրադառնալով հանրապետության անվանափոխության վերաբերյալ մամուլում տեղ գտած շահարկումներին, նշել է. «Ցանկացած սահմանադրական բարեփոխումների հիմքում երկու հիմնական իմաստ պետք է լինի. արձանագրվեն առկա իրողությունները և սահմանվեն հեռանկարային նշաձողերը: Այս տեսանկյունից Արցախի Հանրապետություն անվանումը վերադարձ է պատմական արմատներին, բայց նաև ծրագրավորումն է այն դերի, որը վերապահված է հայկական երկրորդ հանրապետությանը»:
Սահմանադրության նոր նախագծի հանգամանալից ներկայացումից հետո բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանել են ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում նախագծի այս կամ այն հոդվածների և դրույթների վերաբերյալ: Այս կապակցությամբ Ա. Ղուլյանն ընդգծել է, որ նախագիծը բաց է բոլոր տեսակի դիտողությունների ու կարծիքների համար, և որ մասնագիտական հանձնաժողովը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ:
Ամփոփելով հանդիպումը՝ Ա. Ղուլյանն ընդգծել է, որ ԼՂՀ Սահմանադրության նոր նախագիծը միտված է հասարակության կենսամակարդակի բարձրացմանը և հավելել. «Մարդու իրավունքների առումով Արցախը շատ երկար և համոզիչ ճանապարհ է անցել, և մենք այս ոլորտում հետ չենք մնում տարածաշրջանի ու հետխորհրդային տարածքի ճանաչված պետություններից»: