Արցախի պետական համալսարան

 

IMG 0505

Նոյեմբերի 10-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր ռուսալեզու ժամանակակից գրականության հանրաճանաչ հայ արձակագիր, գրական մի շարք մրցանակների արժանացած, «ռուսալեզու գրական միջավայրում ուրցի ու գաթայի  բույրը տարածած» Նարինե Աբգարյանը:

Ողջույնի խոսքում ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը մեր հայրենակցին շնորհավորել է Մոսկվայում կայացած  «Ясная Поляна»   գրական մրցանակաբաշխության  «21-րդ դար» անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ և բարեմաղթել գրական նորանոր նվաճումներ:

Ջերմ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում արձակագիրն ընթերցողներին է ներկայացրել իր մանկության, պատանեկության և ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներ, կիսվել առաջիկայում նախատեսվող ծրագրերով:

Հարցին, թե իր գրքերից ամենահոգեհարազատը որն է, Նարինեն առանձնացրել է «Մանյունյան»՝ հիմնավորելով. «Այն ինքնակենսագրական երկ է, որի առանցքում մարդկային հարաբերություններն են ու իմ մանկությունը` պայթող ռումբերի ձայնի տակԳրքում ոչինչ կեղծված չէ, փոխված չէ կյանքի և ոչ մի դրվագ, իմ կյանքն է՝ այնպիսին, ինչպիսին, որ  կա»:

Մանկության ռումբերն իրենց մասին հիշեցրել են տվել ապրիլին, ուստի խոսելով արցախյան այցի մասին՝ Ն. Աբգարյանը նշել է, որ այստեղ է առաքելությամբ. «Այս անգամ Արցախում եմ նյութերի հավաքագրման նպատակով: Արդեն աշխատում եմ ապրիլյան իրադարձությունների մասին պատմող պատմվածաշարի ստեղծման ուղղությամբ: Նյութերի առաջին մասը հավաքագրել եմ իմ ծննդավայրից՝ Բերդից և այժմ եկել եմ երկրորդի հետևից»:

Գրական միջավայրում ընդունված է Ն. Աբգարյանին բնորոշել իբրև ռուսալեզու գրական միջավայրում ուրցի ու գաթայի  բույրը տարածած գրող: