Արցախի պետական համալսարան

 

chili     chili 2

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում նոյեմբերի 11-ին հյուրընկալվել էր սոցիոլոգ, Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը:

Հ. Չիլինգիրյանի դասախոսությունները անդրադառնում են ժամանակակից Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հիմնահարցերին, հայկական սփյուռքի խնդիրներին և հայ-թուրքական հարաբերություններին: Նրա ուսումնասիրությունների շրջանակում է նաև ինքնության քաղաքականությունը, սփյուռքագիտությունը, տրանսնացիոնալիզմը և կրոնի սոցիոլոգիան:

Հանդես գալով «Միջին Արևելքի հայկական համայնքները պարտադրված իրականության և անորոշ ապագայի միջև» թեմայով դասախոսությամբ՝ Հ. Չիլինգիրյանը ներկայացրել է հայկական համայնքների արտաքին խնդիրները Միջին Արևելքում:

«Պարբերական, սակայն շարունակական միջպետական և տարածաշրջանային ճգնաժամերը, չլուծված երկարատև հակամարտությունները, ընթացիկ պատերազմներն ու ապահովություն հաստատելու գործողությունները և տնտեսական դժվարությունները Միջին Արևելքում հայկական համայնքների դարավոր կենսունակությունը և ներկայությունը մեծ հարցականի տակ են դրել»,- նշում է սոցիոլոգը՝ հավելելով, որ ամենաբարդ խնդիրը շարունակում է մնալ Իսլամական մարտատենչությունն ու պետական քաղաքականությունը:

Հ. Չիլինգիրյանը, սակայն, լիահույս չէ, որ իսլամական վտանգի վերացման պարագայում խնդիրը վերջնական լուծում կստանա հօգուտ ազգային փոքրամասնությունների: Նրա խոսքով, արդեն իսկ տեղեկություններ կան այն մասին, որ զարգանում է ծայրահեղականների մեկ այլ սերունդ, որը գուցե կտարբերվի ոճով, ձգտումներով ու գաղափարներով, սակայն գործելու է հանուն նույն նպատակի:

Հ. Չիլինգիրյանը, ի դեմս հայ համայնքիանդրադարձել է ազգային փոքրամասնությունների ներկայիս հիմնահարցերին՝ անվտանգություն և արտագաղթ: Անվտանգությունն, ըստ բանախոսի, իր հերթին ենթադրում է՝ պաշտպանություն, կենսունակություն և երաշխիքներ:

«Միջին Արևելքում հայկական համայնքներում իրականությունն այսօր, մեղմ ասած, անորոշ ապագա է խոստանում: Դարեր շարունակ հայկական Սփյուռքի համայնքները ողջ աշխարհով մեկ աշխարհագրապես, մշակութորեն, քաղաքականապես և տնտեսապես փոփոխությունների էին ենթարկվում, և ցեղասպանությունից հարյուր տարի հետո հայերի աստիճանական դատարկումը կարող է բերել Միջին Արևելքի հայերի հասարակական և մշակութային կորստին»,- եզրափակել է բանախոսը:

 

chili 3    chili 4