Արցախի պետական համալսարան

 

IMG 0982   IMG 1006

«ԼՂՀ անկախության ճանաչումը՝ որպես հակամարտության կարգավորման հայեցակարգի հիմնական առանցք» թեմայով դասախոսությամբ նոյեմբերի 12-ին ԱրՊՀ-ում հանդես է եկել ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ Շ. Քոչարյանը առանձնացրել է կարևոր մի քանի հիմնադրույթներ՝ հակամարտության իրավական կողմ, միջազգային հիմնական շեշտադրումներ, հակամարտության հետևանքներ, փուլային, թե փաթեթային լուծում, ժողովրդավարական բարեփոխումների նշանակություն:

ԼՂՀ հակամարտությունը, ըստ բանախոսի, տարբերվում է առկա այլ հակամարտություններից նրանով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը կատարյալ է մի քանի տեսանկյունից: Իրավական տեսանկյունից նա էական է համարում երկու հանգամանք: Առաջին՝  Լեռնային Ղարաբաղը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ համաձայն այդ պետության օրենսդրության, Ղարաբաղն Ադրբեջանից իրավաբանորեն ձեռք էր բերել անկախություն

«Այսպիսով` Խորհրդային Միության լուծարման պահից նախկին Ադրբեջանի Միութենական Հանրապետության տարածքում ձևավորվեցին երկու անկախ և իրավահավասար պետություններ` Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրինական ձևով հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքը` կիրառված Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է Շ. Քոչարյանը:

ԼՂՀ հակամարտության կարգավորման համատեքստում շատ կարևոր են նաև միջազգային շեշտադրումները, ինչը դիվանագետի խոսքով,  կարող էր ունենալ երեք հիմնական ուղղություն՝ բռնի բաժանված ժողովրդի վերամիավորում, ազգային փոքրամասնության իրավունքներրի երաշխավորում և անկախ պետություն դառնալու ինքնորոշման իրավունքի իրականացում:

«ԼՂ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացումը բացառիկ է ոչ միայն անթերի իրավական կողմով, այլ նաև այն հանգամանքով, որ բավարարում է ինքնորոշման հնարավոր այլ չափանիշներին՝ մեկ պետության կազմում գոյատևելու անհնարինությունը, պատմական իրավունքը, բնակչության ազգային կազմը, պատասխանատվությունը ինքնորոշման հետևանքների համար»,- հավելել է փոխարտգործնախարարը:

Շ. Քոչարյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ԼՂՀ անկախության երաշխավորն է. «Հաշվի առնելով ԼՂՀ չճանաչվածությունը և միջազգային կազմակերպությունների անդամ չհանդիսանալը՝ ՀՀ-ն պետք է նպաստի ԼՂ ժողովրդի ձայնը միջազգային հանրությանը հասցնելուն: Ինչը, սակայն, չի նշանակում, թե այդպիսով բանակցային գործընթացում ԼՂՀ-ն կարող է փոխարինվել ՀՀ-ով: Հայաստանի իշխանությունները պետք է իրենց ջանքերն ուղղեն ԼՂՀ լիարժեք ներգրավմանը բանակցային գործընթացում»:

IMG 0961