Արցախի պետական համալսարան

 

 fil2      fil3

Այս տարի լրացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ Միխայիլ Դուդինի 100-ամյակը, ինչի կապակցությամբ ռուսերեն լեզվի և գրականության ամբիոնը նախաձեռնել էր հոբելյանական միջոցառում:

Բացելով միջոցառումը՝ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Նունե Առաքելյանը, ով անձամբ էր ծանոթ  Մ. Դուդինի հետ, ընդգծել է մեծանուն բանաստեղծի դերակատարությունը ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, այլև 1988-ի Արցախյան շարժման տարիներին:

«88-ին Դուդինը առաջիններից էր, ով բացեիբաց աջակցել է հայ ժողովրդին  նրա օրհասական պահին և բողոքի ձայն բարձրացրել հանուն պատմական արդարության»,-նշել է Ն. Առաքելյանը:

Միջոցառման գրական-գեղարվեստական մասում ուսանողները ներկայացրել են գրողի կյանքի և գործունեության ուշագրավ դրվագները, ասմունքել նրա լավագույն ստեղծագործություններից՝ նվիրված նաև հայերին ու Հայաստանին, ինչպես նաև հայ մեծանուն պոետների գործերից նրա թարգմանությամբ: Ուշագրավ էր և այն, որ միջոցառման ամբողջ ընթացքում Դուդինի դերակատարը ներկայացնում էր գրողի անցած գրական-ստեղծագործական ուղին, մտորում և խոսում ինքն իր ու աշխարհի հետ:

Առանձնահատուկ ուշադրության էին արժանի երաժշտական և հատկապես փոքրիկների մասնակցությամբ բեմադրված պարային համարները:

Բանաստեղծ, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը միջոցառման վերջում հուշեր է պատմել Արցախյան շարժման տարիներին Արցախի գրական ընտանիքի և Մ. Դուդինի հանդիպումներից, ներկայացրել գրողի տեսակետն ու դիրքորոշումը Արցախի ճակատագրի վերաբերյալ:

«Մեր տարածաշրջան կատարած այցից հետո Հայաստանը  Մ. Դուդինի համար դառնում է անհրաժեշտություն: Նա ինքը շարժման օրերին մեզ համար դարձել էր անհրաժեշտություն: Հայ ժողովուրդը սիրո և հարգանքի խորը զգացում է տածում Մ. Դուդինի նկատմամբ, ում շնորհիվ ոչ միայն սերտացել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, այլ նաև երկու երկրների գրական կապերը»,- նշել է Ս. Խանյանը:

Գիտական գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը շնորհավորել է կազմակերպիչներին բովանդակալից միջոցառման և Դուդինի պոետական շունչը ներկաներին փոխանցելու համար:

fil1