Արցախի պետական համալսարան

 

IMG 2308    IMG 2357

IMG 2314    IMG 2354

 

Նոյեմբերի 29-ին տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և պետական ու մասնավոր հատվածների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված կլոր սեղանը նվիրված էր ԼՂՀ սոցիալական հիմնախնդիրներին:

Բացման խոսքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավար կազմին և ուսանողներին համատեղ աշխատանքի համար, հույս հայտնել, որ նման ձևաչափով քննարկումները շարունակական բնույթ են կրելու:

«Ազգային անվտանգությունից հետո երկրորդը, որ ծառացած է մեր երկրի առջև, սոցիալական հիմնախնդիրներն են: Ուստի, պատահական չէ, որ գործող և առաջարկվող Սահմանադրության մեջ ընդգծված է Արցախի Հանրապետության՝ սոցիալական երկիր լինելու փաստը»:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, ներկայացնելով ԼՂՀ սոցիալական համակարգի առջև ծառացած խնդիրները, հիմնավորել է բարձրացված խնդրի արդիականությունը, ապա ներկայացրել ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում ՀՀ IPS-ի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցհարցումների արդյունքները, որոնք նպատակ ունեին գնահատել ԼՂՀ բնակչության կենսամակարդակն ու սոցիալան խնդիրները:

Հարցվածների գերակշիռ մասի կարծիքով ԼՂՀ-ում առավել ընդգծված են բնակարանային, ապա զբաղվածության խնդիրները:

Կլոր սեղանի մասնակից ուսանողները պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկներ են ներկայացրել և խնդիրներ բարձրացրել հետևյալ ուղղություններով՝ գործազրկության կրճատում և զբաղվածության արդյունավետ քաղաքականություն, եկամուտների և սոցիալական պաշտպանության նպատակամետ և արդյունավետ քաղաքականություն, բնակչության եկամուտների իրական աճ, սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդում:

Վերոնշյալ խնդիրների վերաբերյալ քննարկումներին անմիջականորեն մասնակցել են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանը,  Աժ  սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, նույն հանձնաժողովի անդամ  Ռ. Դադայանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանը, ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱՍԱ նախարարության  աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Հ. Պետրոսյանը, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանը, պատասխանելով ուսանողների հարցերին և առաջարկություններին, որոնք առնչվում էին աշխատուժի զբաղվածության ապահովմանը, գիտելիքային տնտեսության ձևավորմանը, երիտասարդ ներուժի ճիշտ ուղղորդմանը, բուհ-գործատու համագործակցությանը և այլն, նշել է, որ հանրապետությունում հիմնական գործատուն պետական հատվածն է՝ ի դեմս ՊԲ-ի և պետական համակարգի, որտեղ աշխատանքի ընդունման հստակ մեխանիզմներ կան:

«Այսօր կարևորն այն է, որ գործատու-աշխատանք փնտրող հարաբերակցությունը բերվի համադրելի շահագրգռվածության բալանսի: Այնինչ աշխատանք փնտրողների թիվը այսօր մի քանի անգամ գերազանցում է առկա թափուր աշխատատեղերի թվին»,- հավելել է նախարարը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանը ողջունելի է համարում պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված մասնագիտական քննարկումները. «Այսպիսով ամրապնդվում են ուսանողների գիտելիքները, զարգանում է նրանց աշխարհայացքն ու բանավիճելու կարողությունը: Համոզված եմ՝ այսպիսի նախաձեռնություններից շահելու է ոչ միայն ուսանողն ու համալսարանը, այլև գործատուն ու պետությունը»:

 

 

IMG 2318    IMG 2366

IMG 2380    IMG 2313