Արցախի պետական համալսարան

 

IMG 2476    IMG 2433

IMG 2456    IMG 2498

Նոյեմբերի 30-ին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՆՄՀ և ՏԿ բաժինների առաջին կուրսի ուսանողները նախաձեռնել էին միջոցառում՝ ի նշանավորումն  ուսանողական առաջին աշնան:

Յուրովի մեկնաբանելով աշունն ու աշնանայինը՝ գրական-գեղարվեստական միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները բեմից ներկաներին են փոխանցել աշնանային հույզեր ու տրամադրություններ. երգ, պար, ասմունք՝ համեմված ասույթներով և զվարճախոսություններով:

Անդրադարձ կատարելով աշնան երեք ամիսների ընթացքում պետական տոնացույցում տեղ գտած կարևորագույն տոներին՝ գիտելիքի, ԼՂՀ հռչակման, մայրաքաղաք Ստեփանակերտի, ուսուցչի մասնագիտական և ուսանողի միջազգային տոներին՝ ուսանողները յուրաքանչյուր տոնի համապատասխան երաժշտական և պարային կատարումներ էին նախատեսել:

Հատկանշական, ինչ-որ տեղ նաև տրամաբանական էր այն հանգամանքը, որ ապագա մանկավարժները մեծ տեղ էին հատկացրել ազգայինին՝ այդպիսով ևս մեկ անգամ հավաստելով իրենց առաքելությունը՝ պահպանել ազգային ավանդույթներն ու փոխանցել սերունդներին: Ասվածի վկայությունն է նաև Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտների անմիջական մասնակցությունը պարային ելույթի տեսքով:

Խորհրդանշական երգով եզրափակելով միջոցառումը՝ ապագա մանկավարժները վստահեցրեցին,  որ «միասին են կերտելու մեր երկիրը»:

«Այո, միասին ենք կերտելու մեր երկրի ապագան, մեր ուսանողների հետ միասին: Ուսանողներ, ովքեր երկիր կերտելու, զարգացնելու և այն սերունդներին ավանդելու համար բոլոր հնարավորություններն ու կարողություններն ունեն»,- նշել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը միջոցառման ավարտին: