Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ լրագրության բաժնում արտասահմանյան լրագրություն դասընթացի շրջանակներում կազմակերպվել էին մեդիաընթերցումներ:
Բացման խոսքում բաժնի դասախոս, բ.գ.թ. Շուշան Ասկարյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էին ընթերցումները, անդրադարձել է մեդիայի և լրագրողի դերին ու նշանակությանը, կարևորել արտասահմանյան փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը:
«Երկրի լուսավոր անցյալով մտահոգված են պատմաբանները, լուսավոր ապագայով՝ քաղաքական գործիչները, իսկ լուսավոր ներկայով՝ լրագրողները»,-հավելել է Շ. Ասկարյանը:
Կարևորելով մեդիագործիքների ճիշտ ընտրությունն ու կիրառությունը՝ ուսանողները ներկայացրել են զանգվածային լրատվության հեղինակավոր այնպիսի միջոցների անցած մեդիաուղին, ինչպիսիք են ֆրանսիական «ELLE»-ը, բրազիլական «VEJA»-ն, բրիտանական «The Times»-ը, «THE Forbes»-ը, արաբական «Al Jazeran»-ն, շվեդական «Aftonblandet»-ը և այլն:
Ուսանողների ելույթներին հաջորդել են քննարկումներ, հնչել առաջարկություններ:
Գրականության և լրագրության ամբիոնի դասախոսներ Ա. Աթայանն ու Զ. Բալայանն իրենց ելույթներում կարևորել են նման նախաձեռնությունները և խորհուրդ տվել անդրադառնալ նաև արտասահմանում գործող հայկական ԶԼՄ-ներին: