ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

02.12

2016

 

IMG 2862   IMG 2860

IMG 2931   IMG 2946

Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում նշել են աշխարհագրության ամբիոնի ստեղծման 25-ամյակը:

Նիստերի դահլիճում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հրավիրվածներ:

Ամբիոնի անունից շնորհավորելով աշխարհագրության ամբիոնի 25-ամյակի կապակցությամբ՝ ամբիոնի վարիչ Անահիտ Գրիգորյանը կարևորել է աշխարհագրության ամբիոնի դերը ոչ միայն Արցախի պետական համալսարանի, այլ նաև հանրապետության կյանքում:

«Մեր երկրում առկա տարածքային հիմնախնդիրներին լուծում տալը 1990-ականներին օրախնդիր էր: Այս և մի շարք խնդիրների մասնագիտական լուծման պահանջով 1991 թվականին հիմնադրվեց աշխարհագրության ամբիոնը, որի շրջանավարտներն իրենց ներդրումն ունեն ինչպես հանրապետության համապատասխան ոլորտներում, այնպես էլ մանկավարժության բնագավառում»,-նշել է Ա. Գրիգորյանը:

Շնորհավորանքի և երախտագիտության խոսքով հանդես է եկել նաև աշխարհագրության բաժնի առաջին շրջանավարտներից Նունե Գասյանը, ով աշխարհագրություն է դասավանդում Մարտակերտի Վ. Բալայանի անվան հ. 1 դպրոցում:

«Երջանիկ պատահականությամբ իմ սերնդի ընթացքը համընկել է Արցախի Հանրապետության կայացման հետ: Այսօր ես երջանիկ ու հպարտ եմ, որ կրում եմ ԱրՊՀ շրջանավարտի պատվավոր կոչումը և իմ համեստ ներդրումով նպաստում եմ երկրիս զարգացմանը»,- ասել է Ն. Գասյանը:

Միջոցառման գրական-գեղարվեստական մասում բնագիտական ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական, պարային և հումորային կատարումներով:

Հավելենք, որ աշխարհագետներին շնորհավորելու էին եկել Շ. Ազնավուրի անվան մշակույթի տան «Արցախի բալիկներ» պարային համույթի սաները:

IMG 2896