Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին կայացավ «Ինչպե՞ս սկսել բիզնես զրոյից» խորագրով սեմինար, որը վարում էր «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության հիմնադիր, բիզնես-փորձագետ Վահե Այվազյանը:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է ծրագիրն ու այդ շրջանակներում կազմակերպվող քննարկումները:
Բանախոսության ընթացքում Վահե Այվազյանը անդրադարձել է սեփական բիզնես հիմնելու ճանապարհին հանդիպող դժվարություններին, գործարարին անհրաժեշտ բիզնես գիտելիքներին ու հմտություններին՝ մտածողությունը շաղկապելով բիզնեսի հաջողության հետ:
«Նախքան բիզնեսը սկսելն անհրաժեշտ է պատասխանել մի քանի ինչուների, ու այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, կարո՞ղ եք զբաղվել բիզնեսով, թե՞ ոչ: Երբ պատասխանեք բոլոր հարցերին, կհասկանաք արդյոք բիզնես-պլանը համապատասխանու՞մ է ձեր երազներին և նպատակներին»,- նշել է Վ. Այվազյանը:
Բիզնես-փորձագետը խոսել է նաև հարկային դաշտ-բիզնես փոխհարաբերությունների, բիզնեսում խնայողություններ կատարելու և հարակից այլ հարցերի մասին: Անդրադառնալով բիզնեսի ղեկավարի անձնային որակներին՝ բանախոսը ընդգծել է աշխատասիրության կարևորությունը:
Ինտերակտիվ սեմինարին հաջորդել է ակտիվ հարցուպատասխան: