Արցախի պետական համալսարան

 

122   GIT2

GIT3   GIT4

Դեկտեմբերի 6-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով՝ նվիրված հայ իրավունքի պատմությանն ու զարգացմանը:

Գիտաժողովին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Հանդես գալով բացման խոսքով՝ ֆակուլտետի դեկան Արմինե Առստամյանը հայ բազմադարյա մշակույթի և պատմության համատեքստում կարևորել է հայ իրավագիտական մտքի զարգացումը:

«Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմաններն ու կանոնները, ուստի առանձին դեպքերում իրավունքի կատարելագործումը ժամանակի հրամայական էր դարձել: Գիտաժողովը նպատակ ունի քննության առնելու հայ իրավունքի անցած ուղին և ներկայացնելու նրա պատմական ընթացքը»,- նշել է Ա. Առստամյանը:

Պատմության և իրավագիտության բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանի իրավական համակարգին ու իրավունքի աղբյուրներին, Վաչագան Բարեպաշտ արքայի կանոնական սահմանադրությանը և նրա օրոք հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումներին, հայ իրավունքի զարգացման պատմության մեջ Ս. Գունդստաբլի «Դատաստանագրքի» դերին, Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառացին»՝ որպես հայկական առաջին սահմանադրության նախագիծ, խորհրդային իշխանության տարիներին իրավունքի և արդարադատության վիճակին, իրավունքի դատական պաշտպանությանը և այլն:

Հատկանշական է, որ գիտաժողովի ընթացքում առանձին զեկույցներ վերաբերում էին Արցախի իրավական համակարգի ձևավորման գործընթացին, հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացված իրավական և դատական բարեփոխումներին և ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը՝ որպես իրավական պետության կառուցման կարևոր քայլ:

Ելույթներից հետո բանախոսներին տրվել են հարցեր, ծավալվել է քննարկում:

GIT5   GIT6