Արցախի պետական համալսարան

 

IMG 3293   IMG 3247

IMG 3219   IMG 3360

ԼՂՀ Սահմանադրության օրվա նախօրեին իրավունքի ամբիոնի դասախոս Արմինե Դանիելյանի գլխավորությամբ իրավագիտության բաժնի մագիստրանտները սեմինարներ են կազմակերպել հ. 3 հիմնական դպրոցում:

Մի քանի տարի է, ինչ ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողները Սահմանադրության օրվա կապակցությամբ հանդիպումներ են ունենում Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների աշակերտների հետ:

«Այդպիսի հանդիպումները նախևառաջ նպատակ ունեն բարձրացնելու հասարակության իրավագիտակցության մակարդակը, ապա՝ մատաղ սերնդին ներկայացնելու Սահմանադրության դերն ու նշանակությունը»,- ասել է Ա. Դանիելյանը:

Աշակերտների հետ ունեցած հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են օրենքի անհրաժեշտությունն ու  կարևորությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իշխանության համակարգում անձնակենտրոն համակարգից դեպի հավասարակշռված զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների բազմակողմ համակարգի անցումը, տեղական ինքնակառավարման մակարդակում առկա փոփոխությունները և այլն:

Բանախոսները պատասխանել են նաև աշակերտների կողմից առաջադրված հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն գործող Սահմանադրությանը, այլև Սահմանադրության նոր նախագծին, գործող և առաջարկված նախագծերի ընդհանրություններին և տարբերություններին:

«Մեր ընտրած ճանապարհն անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետևելով օրենքին և ստեղծելով ուժեղ իրավական պետություն»,- նշել է ուսանողուհի Ռ. Գադիյանը :